«Պատրաստվում ենք պաշտպանությունն իրականացնել բացառապես վարույթում եղած նյութերի, փաստաթղթերի եւ մեղադրանքի շուրջ՝ ոչ դրանից ավել, ոչ դրանից պակաս». Դիանա Գասպարյանի շահերի պաշտպան

ՀԿԴ-ում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր կայացավ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով հերթական նախնական դատական նիստը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, համայնքային ծառայության քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իր հետ փոխկապակցված անձանց Շահեն Շահինյանի և Աշոտ Միրզոյանի օժանդակությամբ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական (համայնքային) և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել պետության (համայնքի) օրինական շահերին, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև իր հետ փոխկապակցված անձ (ամուսնու հայրը) Աշոտ Արամայիսի Միրզոյանի, իր ամուսնու՝ Արամայիսի Աշոտի Միրզոյանի, իր հետ փոխկապակցված անձ Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

Ինքը՝ Դիանա Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա այսօր նիստից առաջ հրաժարվեց պատասխանել հարցերի՝ նշելով. «Ես ասուլիս եմ հրավիրելու, որի մասին կհայտարարվի։ Կներկայացնեմ ամբողջը եւ կպատասխանեմ լրատվամիջոցների հարցերին, եթե դրանք լինեն բացառապես քրեական գործին վերաբերող։ Քաղաքական հարցերին չեմ պատասխանելու նաեւ ասուլիսում»։

Ռոբերտ Խաչատրյան

Դիանա Գասպարյանի շահերի պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Գործը դատաքննության փուլում է։ Գործը հարուցելու վերաբերյալ գնահատականներ չտամ, որովհետեւ դատաքննություն է իրականացվում։ Այս քրեական գործի ելքը կորոշվի դատաքննության ընթացքում։ Եվ ըստ այդմ կարտահայտվենք։ Որեւէ կանխատեսական մոտեցում չասեմ: Մենք պատրաստվում ենք պաշտպանությունն իրականացնել բացառապես վարույթում եղած նյութերի, փաստաթղթերի եւ մեղադրանքի շուրջ՝ ոչ դրանից ավել, ոչ դրանից պակաս։

Դիանա Գասպարյանը եւ մենք նրա մեղավորությունը չենք ընդունում ոչ թե այն պատճառով, թե սա ապօրինի է, ուղղակի մեղադրանքի մեջ ձեւակերպումներ կան, որոնք իրականում ընդունելի չեն, ոչ էլ մեր հետ կապ ունեն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment