«Ասել ենք, որ կա քաղբանտարկյալներին ուղիղ այցելության անհրաժեշտություն, սակայն նա առհասարակ չի մեկնաբանել դա»․ Մամիջանյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի լռության մասին

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու տարբեր միջազգային կառույցների լռությունը ՀՀ-ում խայտառակ գործընթացների, մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված։ Անկախ նրանից՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ինչ օրակարգով էր եկել, դա մեզ չխանգարեց բարձրացնել եկեղեցու դեմ արշավից մինչև քաղբանտարկյալների, հոգևորականների խնդիրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի՝ ՀՀ այցին։ 

Հայկ Մամիջանյանն ասաց՝ եթե հստակ ձևակերպենք՝ ինձ չի հետաքրքրում՝ ինչ օրակարգով է նա եկել․ «Իր մանդատը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանություն։ Մենք բարձրաձայնեցինք մարդու իրավունքների խայտառակ ոտնահարումները։ Ցավոք, իր պատասխանները մեզ համար դժվար է գոհացուցիչ անվանել։

Ընդդիմության ներկայացուցիչները հայցել էին առանձին հանդիպում հանձնակատարի հետ։ Ինձ համար զարմանալի է, երբ մարդու իրավունքների պաշտպանության նմանօրինակ բարձրաստիճան պաշտոնյան գալիս է և ասում, որ այս պահին հետաքրքրված է ուսումնասիրել այս կամ այն ոլորտների մարդու իրավունքների խախտումները։ Շատ չեմ ծանրանա դրա վերաբերյալ, քանի որ մենք ներկայացրինք այն, ինչ կատարվում է»։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ունի գործիքներ ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումների մասին խոսելու համար․ «Նա ունի տարեկան հաշվետվության, հայտարարության ձևաչափ, կարող էր գնալ ու այցելել վերջերս հացադուլից դուրս եկած Նարեկ Սամսոնյանին։ Իրեն փոխանցեցի Նարեկ Սամսոնյանի տիկնոջ նամակը, նույն խնդրանքը եղել է նաև այլ քաղբանտարկյալների հետ կապված։ Ասել ենք, որ կա անհրաժեշտություն, որ լինի ուղիղ այցելություն, տեղեկացվածություն, սակայն նա առհասարակ չի մեկնաբանել դա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment