Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրել. Գարեգին Երկրորդ

«Եկեղեցու նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ։ Որոշված է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, հասնեն իրենց նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից»,- լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հայոց Հայրապետը շարունակեց. «Եթե ձերբակալեն Հայոց Հայրապետին, պետք է ենթարկվենք գործող օրենքին։ Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի, անարդարությունը գործադրության չդրվի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը, բայց որևէ կերպ մեր դիրքորոշումը չի փոխվելու, մենք շարունակելու ենք  հավատարիմ մնակ սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրել։

«Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման»,- ասաց Գարեգին Երկրորդը։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարեց, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները, եկեղեցին համայն ազգի հոգևոր կառույցն է.  «Որևէ մի կուսակցության հովանավոր լինել, նրանց գործընթացների մեջ ներգրավվել, կնշանակի դադարել լինել համայն հայության եկեղեցին։ Բոլոր կուսակցությունների անդամները հայ եկեղեցու զավակներ են, եկեղեցին երբեք քաղաքականության մեջ ներգրավված չէ։ Սակայն մեր երկրին, ժողովրդին հուզող հարցերի, խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնեչողություն են ստացել, վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կագնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առանջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, իր դիրքորոշումն արտահայտել ի պաշտպանության մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»։

Leave a comment