Երիտասարդությունը՝ նախընտրական ծրագրերում․ ՄԱՍ 2
Ինչ դեր ունեն երիտասարդները՝ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերում։ Առաջին մասն՝ այստեղ
«Միասնության թևեր» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցությունը կրթությունը դիտարկում է որպես ազգային ինքնության, մրցունակության և մարդկային կապիտալի զարգացման հիմնական գործիք։
Կուսակցությունը հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել «ժամանակակից, ներառական և համընդհանուր հասանելի կրթական համակարգ», որտեղ դպրոցն ու բուհը պետք է ձևավորեն «գիտակից, ինքնաճանաչ քաղաքացի, մրցունակ մասնագետ և ստեղծարար միտք»։
Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիների համար պետական բուհերում բարձրագույն կրթությունը կլինի անվճար, իսկ ռազմավարական մասնագիտությունների՝ STEM-ի, մանկավարժության և գյուղատնտեսության ուղղություններով կրթաթոշակների ծավալը կավելանա։
Առանձին շեշտադրում կա մարզերում երիտասարդ մասնագետների ներգրավման վրա։ Ծրագրով առաջարկվում է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում մանկավարժների պակասը հաղթահարել հավելյալ վարձատրությամբ, բնակարանային և վարկային արտոնությունների միջոցով։ Միաժամանակ նշվում է, որ մանկավարժական մասնագիտություններով սովորող արական սեռի երիտասարդները կարող են տարկետում ստանալ, եթե ուսումն ավարտելուց հետո աշխատեն գյուղական կամ սահմանամերձ դպրոցներում։
Կուսակցությունն առաջարկում է նաև կրթական համակարգի կառուցվածքային փոփոխություններ։ Նախատեսվում է ներդնել «9+2+1» մոդելը, որտեղ վերջին ուսումնական տարին պետք է ուղղված լինի կամ բուհական կրթության, կամ մասնագիտական որակավորման ձեռքբերմանը։ Բարձրագույն կրթությունը նախատեսվում է զարգացնել «կլաստերային մոդելով»՝ ձևավորելով կրթական և տեխնոլոգիական կենտրոններ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Կապանում։
Ծրագրում կարևոր տեղ ունի նաև աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը։ Կուսակցության համոզմամբ՝ պետությունը, բուհերը և մասնավոր հատվածը պետք է համատեղ ապահովեն երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը, փորձնակությունը և աշխատանքի անցնելու հնարավորությունները։ Նշվում է նաև, որ բուհերում սովորողների զգալի մասը պետք է ունենա պետության կողմից երաշխավորված աշխատատեղեր։
Երիտասարդների մասնագիտական զարգացման ուղղությամբ ծրագրում առանձնացվում են «Առաջին տեխնոլոգիական աշխատատեղ» ծրագրերը, հետազոտական հնարավորությունների և նպատակային կրթաթոշակների դերը երիտասարդ գիտնականների, ինժեներների և արհեստական բանականության ոլորտի մասնագետների համար։ Կուսակցությունը նաև հայտարարում է, որ մինչև 2028թ.-ը բարձր տեխնոլոգիական ոլորտներում զբաղվածությունը պետք է աճի առնվազն 15 տոկոսով, իսկ մասնագիտական արտահոսքը նվազի առնվազն 30 տոկոսով։
Սոցիալական քաղաքականության շրջանակում՝ ծրագրում ներառված են նաև երիտասարդ ընտանիքներին վերաբերող դրույթներ։ Նախատեսվում է տրամադրել բնակարանային աջակցություն, մատչելի հիփոթեք և եկամտային հարկի վերադարձի մեխանիզմներ։ Բազմազավակ ընտանիքների համար առաջարկվում է հատուկ հարկային ռեժիմ, իսկ չորրորդ երեխայից սկսած՝ անվճար բնակարան մարզերում։
Առանձին դրույթներ վերաբերում են նաև մշակութային կրթությանը և երիտասարդ ստեղծագործողների աջակցությանը։ Կուսակցությունը նախատեսում է ուժեղացնել արվեստի և մշակույթի կրթությունը դպրոցներում, արդիականացնել արվեստի դպրոցները և ստեղծել կրթական ու ֆինանսական ծրագրեր երիտասարդ ստեղծագործողների համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը կենտրոնացած է անվտանգության, տնտեսության, սոցիալական քաղաքականության և ենթակառուցվածքային զարգացման վրա, սակայն դրանում առկա են նաև մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են երիտասարդությանը, կրթությանը, զբաղվածությանը և ֆիզիկական առողջությանը։
Կուսակցությունը հայտարարում է, որ պետությունը պետք է անցում կատարի «ներդրումային տնտեսության մոդելի»՝ նպատակ ունենալով զարգացնել արդյունաբերությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 150 հազար դրամ։
Ծրագրում նշվում է, որ 10 մարզերում նախատեսվում է ստեղծել հարկերից ազատված արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև խթանել փոքր և միջին բիզնեսները։ Ըստ ծրագրի՝ այդ քայլերը պետք է նպաստեն զբաղվածության աճին և տնտեսական ակտիվությանը։
Կրթության ոլորտում «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում է՝ 2028 թվականից պետական և համայնքային բոլոր կրթօջախները՝ մանկապարտեզներից մինչև բուհեր, պետք է դառնան անվճար։ Ծրագրում ներառված է նաև մարզերից եկած ուսանողների համար «հարմարավետ և մատչելի հանրակացարանների» կառուցման մասին խոստումը։
Երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման նպատակով կուսակցությունն առաջարկում է ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որի շրջանակում պետությունն ու մասնավոր հատվածը պետք է համագործակցեն նորավարտ երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցում։
Ծրագրում առանձին անդրադարձ կա նաև երիտասարդ մասնագետներին և սփյուռքի ներուժին։ Կուսակցությունն առաջարկում է ստեղծել «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց», որը պետք է կապի սփյուռքահայ երիտասարդ մասնագետներին Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական և մշակութային ծրագրերին։
Նախատեսվում են նաև աջակցության ծրագրեր հայրենադարձ երիտասարդների համար՝ բնակարանային ապահովման և ինտեգրման ուղղությամբ։
«Բարգավաճ Հայաստան»-ը կարևորում է նաև սպորտի զարգացումը՝ խոստանալով աջակցել պրոֆեսիոնալ և սիրողական սպորտին, ինչպես նաև պայքարել թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ։
Ծրագրում տեղ է գտել նաև Գյումրու զարգացման հեռանկարը, ըստ որի՝ Գյումրին պետք է դառնա «Հայաստանի մարզական մայրաքաղաք» և երիտասարդների համար նոր հեռանկարներ ստեղծող քաղաք։
«Ազգային ժողովրդավարական բևեռ»
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող առանձին գլուխ կամ համակարգված բաժին չկա:
Այնուամենայնիվ, կան մի քանի դրույթներ, որոնք անուղղակիորեն առնչվում են երիտասարդներին։
Ծրագրում որպես առաջնահերթություն նշված է «սոցիալական բնակարանաշինությունը», ինչը կարող է վերաբերել նաև երիտասարդ ընտանիքներին:
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը նախընտրական ծրագիրը ներկայացրել է 9 կետով։
Որպես առանձին կետ նշվում է նաև անվճար որակյալ ուսումը և բժշկությունը։ Կուսակցությունը երաշխավորում է կրթության և առողջապահության ոլորտներում վճարների վերացում։
«Հայ Ազգային Կոնգրես»
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագիրը նախատեսում է կրթության, առողջապահության, սպորտի, ժամանցի, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում փոփոխություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են երիտասարդներին:
Կրթությանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի փոխարեն անցում կկատարվի աշխարհագրորեն տեղաբաշխված բազմապրոֆիլ համալսարաններին: Կստեղծվի Ուսանողական ներդրումային բանկ, որը ցածր տոկոսներով երկարաժամկետ (20 տարի) վարկեր կտրամադրի ուսանողներին՝ փոխհատուցելու ուսումնառության ծախսերը:
Տեխնոլոգիական ոլորտի առաջատարների մասնակցությամբ կվերանայվեն բուհական ծրագրերը՝ ներառելով «Արտադրանքի կառավարում» (Product Management), «Օգտագործողի փորձի մշակում» (UX Design), «Աճի մարկետինգ» (Growth Marketing) մասնագիտությունները: Կիրականացվեն կրտսեր մասնագետների (Juniors) արագ առաջխաղացման (Mid-level/Senior) ծրագրեր՝ պետական համաֆինանսավորմամբ:
Շրագրի համաձայն՝ արմատապես կվերափոխվի նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգը, կիրականացվի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրերի մերձեցում: Կիրականացվեն լայնածավալ վերապատրաստումներ, կստեղծվեն գրավիչ պայմաններ երիտասարդ մասնագետների համար:
ՀԱԿ-ը նախատեսում է ստեղծել Հանրային կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ նախարարության վերակազմակերպման արդյունքում):
Ծրագրում թմրամոլությունն ու խաղամոլությունը որակվում են որպես «հասարակական աղետ»: Այդ պատճառով խոստացվում է ներդնել թմրաշրջանառության դեմ պայքարի համալիր ռազմավարություն՝ սպառողի և իրացնողի խիստ տարանջատմամբ: Նախատեսվում է իրավապահ համակարգի կարողությունների համալրում, տեխնոլոգիական վերազինում, տեսահսկման միասնական ցանց՝ արհեստական բանականությամբ:
Միաժամանակ, կներդրվի կամավոր վերականգնողական համակարգ, իսկ ուսումնական հաստատություններում կբարձրացվի իրազեկվածությունը թմրամիջոցների վտանգների մասին: Կարևորվում է զանգվածային սպորտի, մշակութային կրթօջախների և ստեղծարար կենտրոնների հասանելիությունը՝ որպես «ալտերնատիվ սոցիալականացման» միջավայր, որը երիտասարդի ազատ ժամանակը վերածում է ինքնակատարելագործման ռեսուրսի:
«Հանրապետություն»
Կուսակցությունը միանշանակ հայտարարում է. «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար» և լուծի երեք հիմնական խնդիր՝ կրթության որակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն, մարզերի կրթական հավասար հնարավորություններ: Ծրագրում չեն նշվում ֆինանսավորման աղբյուրները կամ իրականացման ժամկետները:
Ժողովրդագրությունը հռչակվում է որպես ռազմավարական արժեք: Կուսակցությունը նախատեսում է ժողովրդագրական պատկերի փոփոխություն՝ արտասահմանից ներգաղթի խթանում, ծնելիության աճի և երիտասարդ ընտանիքների խրախուսում (առանց կոնկրետ մեխանիզմների հստակեցման), բարձր աշխատավարձով աշխատատեղերով արտագաղթի կանխում, որակյալ կրթության և առողջապահության ապահովում:
Ըստ կուսակցության՝ այս գործընթացների իրականացումը 10 տարում գործազրկությունը կհասցնի 3%-ի:
«Ժողովրդավարական համախմբում»
Կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող առանձին դրույթներ կամ հստակ խոստումներ չկան: Որպես առաջնահերթություն նշվում է «ուղեղների արտահոսքը» կասեցնելը և աշխարհի հայազգի լավագույն մասնագետների Հայաստանում գործունեություն ծավալելը խրախուսելը, ինչպես նաև դեմոգրաֆիկ կտրուկ աճի ապահովումը:
«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ)
Կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող դրույթները հիմնականում ներկայացված են մարզային զարգացման համատեքստում: Ըստ ծրագրի՝ կուսակցությունը Գյումրիում խոստանում է թեթև արդյունաբերական մեծ կենտրոնի ստեղծում, որտեղ առաջնահերթ աշխատանքի կընդունվեն գյումրեցի երիտասարդները: Կստեղծվեն նաև անվճար ուսումնական կենտրոններ ծրագրավորման, ինժեներիայի, արհեստների ու արտադրական մասնագիտությունների համար: Սյունիքում կառուցվելու են տեխնոլոգիական, ռազմական, ինժեներական կրթական կենտրոններ և բարձր վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի երիտասարդը չլքի հայրենի տունը: Վայոց Ձորում նախատեսվում է զբոսաշրջության, էկոտուրիզմի, լեռնային տուրիզմի զարգացում, որպեսզի երիտասարդը գումար վաստակի իր հողում: Տավուշում խոստանում են ծրագրավորման, ինժեներիայի, դիզայնի ուսումնական կենտրոններ և հեռավար աշխատանքի հաբեր, սահմանամերձ երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրեր: Գեղարքունիքում՝ արհեստագործական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական ուսումնական կենտրոններ և արտադրական փոքր ու միջին ձեռնարկություններ: Լոռիում՝ արհեստագործական և տեխնոլոգիական կենտրոններ, որպեսզի երիտասարդը կարողանա բարձր աշխատավարձ ստանալ հենց բնակավայրում: Արագածոտնում կստեղծվեն արհեստագործական և տեխնոլոգիական ուսումնական կենտրոններ, փոքր արտադրություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, տեխնոլոգիական աշխատատեղեր:
Ծրագրի մյուս կետերը վերաբերում են արտաքին քաղաքականությանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, դատական, դատախազական, քննչական և ոստիկանական համակարգերի բարեփոխումներին, ինչպես նաև մարզերի կառավարման նոր մոդելին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող դրույթները ներառված են կրթության, սպորտի և մշակույթի բաժիններում:
Կրթությունը իշխող իշխանության նախընտրական ծրագրի «ռազմավարությունների ռազմավարությունն է»:
Բարձրագույն կրթության ոլորտում առաջին քայլը Ակադեմիական քաղաքի առաջին փուլի իրագործումն է՝ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքով, ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմների գործարկմամբ, որի արդյունքում բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնա կրթությունից: Օտարերկրյա ուսանողների թիվը, համաձայն ծրագրի, պետք է հասնի առնվազն 15000-ի:
Ծրագրում նշվում է նաև ՀՀ տարբեր համայնքներում ևս 30 երիտասարդական կենտրոնների ստեղծման, հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցման, բացառիկ տաղանդով երեխաների և երիտասարդների տաղանդների հայտնաբերման և զարգացման համապետական ծրագրի մեկնարկի, ինչպես նաև սպորտի միջազգային քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդման մասին:
«Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող դրույթները ներառված են մի քանի ուղղություններում: Կրթության, գիտության և մշակույթի բաժնում դաշինքը խոստանում է անցում կատարել պետական բուհերում անվճար ուսման համակարգին, վերանայել Ակադեմիական քաղաքի նպատակահարմարությունը, արդիականացնել բուհական ծրագրերը, ինչպես նաև ստեղծել երաշխավորված պայմաններ երիտասարդների սոցիալական, տնտեսական և հոգևոր-մշակութային ինքնաիրացման համար:
Պայքար թմրամոլության և խաղամոլության դեմ բաժնում նախատեսում են թիրախավորել թմրամիջոցների վաճառք իրականացնող առցանց հարթակները և բարձրացնել խաղային բիզնեսի հարկային դրույքաչափը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող կոնկրետ դրույթներ չկան:
«Հանուն Հանրապետության»
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականության բաժնում նշվում է, որ երիտասարդությունը Հայաստանի ռազմավարական ռեսուրսն է, և պետությունը պարտավոր է ապահովել որակյալ կրթություն, մասնագիտական զարգացման ուղի, արժանապատիվ աշխատանք, նախաձեռնողականության դաշտ, մասնակցության և ինքնարտահայտման իրական հնարավորություններ:
Ընդգծվում է, որ Հայաստանը երիտասարդի համար պետք է լինի ապագա կառուցելու երկիր՝ ներառյալ արտասահմանում կրթություն ստանալուց հետո վերադառնալու իրական մոտիվացիայով:
Տարածքային զարգացման բաժնում նախատեսվում է պետպատվերով ուսումնառությունը կապել պարտադիր երկամյա բարձր վարձատրվող աշխատանքի հետ՝ գյուղական, մարզային և սահմանային դպրոցներում ու հիվանդանոցներում:
Գիտության բաժնում խոստանում են ապահովել երիտասարդ գիտնականների համար արժանապատիվ աշխատավարձ և կայուն կարիերային ուղի, ստեղծել պայմաններ, որպեսզի տաղանդավոր երիտասարդները գիտությամբ զբաղվեն Հայաստանում, ինչպես նաև խթանել սփյուռքահայ և արտասահմանում աշխատող հայ գիտնականների ներգրավումը, ապահովել անվճար բարձրագույն կրթություն:
Մշակույթի բաժնում նախատեսվում է համայնքային մշակույթի տները վերածել երիտասարդության կրթական, ստեղծագործական և համայնքային կյանքի կենտրոնների:
Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցություն
Լևոն Շիրինյանի գլխավորած կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել։ «Ա1+»-ի հարցմանը կուսակցությունը չի արձագանքել։