Իրանը շարունակում է ուսումնասիրել Միացյալ Նահանգների հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրի վերջնական տեքստը և առայժմ պաշտոնական պատասխան չի ներկայացրել։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից նախկինում ստանձնած պարտավորությունների խախտման բազմաթիվ դեպքերը և տարիների ընթացքում ձևավորված անվստահությունը հանգեցրել են նրան, որ Թեհրանը տվյալ հարցում որդեգրել է խիստ դիրքորոշում։
«Ամերիկայի կողմից իր պարտավորությունները չկատարելու պատմությունը և պատմական անվստահությունը պատճառ են դարձել, որ Իրանը շատ կոշտ դիրք զբաղեցնի այս հարցում»,-նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանը, հաշվի առնելով նախորդ փորձը, ձգտում է հնարավոր համաձայնությունից ստանալ «իրական և շոշափելի օգուտներ»՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։
Հաղորդվում է, որ Թեհրանը դեռևս գնահատում է առաջարկվող պայմանները և շարունակում է խորհրդակցությունները բանակցային գործընթացի շրջանակում։