Հունգարիայի նոր վարչապետը սպառնում է սահմանադրական փոփոխություններով, եթե Օրբանի նշանակած նախագահը հրաժարական չտա

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը քայլեր կձեռնարկի նախագահ Տամաշ Սուլյոկին պաշտոնանկ անելու համար, եթե նա հրաժարական չտա։ Սուլյոկը, որը 2024 թվականին ընտրվել է նախկին պահպանողական ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի դաշնակիցների մեծամասնությամբ խորհրդարանի կողմից, մերժել է հրաժարական տալու կոչերը, գրում է DW-ն։

Բուդապեշտում բանակցություններից հետո Մագյարը հայտարարել է, որ «անհրաժեշտ ընթացակարգեր» կսկսվեն Սուլյոկի հրաժարականի համար իր կողմից սահմանված վերջնաժամկետի լրանալուց հետո։ Նոր վարչապետի «Տիսա» կուսակցությունն ապրիլին համոզիչ հաղթանակ է  տարել ընտրություններում և խորհրդարանում ունի երկու երրորդի մեծամասնություն, ինչը թույլ է տալիս փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ։

Մագյարը պնդում է, որ նախագահն այլևս չի ներկայացնում ազգային միասնությունը, ինչպես պահանջվում է Սահմանադրությամբ, և կարող է խոչընդոտել նոր կառավարության օրակարգին։

«Մենք անհրաժեշտ որոշումները կկայացնենք ժամանակին։ Հունգարիան ո՛չ Տամաշ Սուլյոկին է պատկանում, ո՛չ էլ Վիկտոր Օրբանին։ Այն ո՛չ մեկ կուսակցության է պատկանում, ո՛չ էլ քաղաքական համակարգի։ Սահմանադրությունը բավականին հստակ նշում է, որ նախագահը ցուցադրում է ազգի միասնությունը և պաշտպանում է պետության ժողովրդավարական գործունեությունը»,- լրագրողներին ասել է Մագյարը Բուդապեշտում պետության ղեկավարին իր նստավայրում այցելելուց հետո։

Նա նաև ասել է, որ նախատեսված օրենսդրական գործընթացը կտևի շուրջ մեկ ամիս և կներառի «բոլոր խամաճիկների հեռացում», որոնք ներգրավված են եղել «օրենքի գերակայության և ժողովրդավարության քանդման» մեջ։

Անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ պատրաստ է ապարգելափակել սառեցված մինչև 16,4 միլիարդ եվրո միջոցները, եթե Հունգարիայի նոր կառավարությունը շարունակի իրականացնել կարևորագույն բարեփոխումներ։

Դրամական հոսքը սառեցվել էր այն պատճառով, ինչը դաշինքը որակել էր Օրբանի պաշտոնավարման օրոք ժողովրդավարական նահանջ և օրենքի գերակայության խախտումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment