«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կոշտ գնահատականներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անդրադառնալով նախընտրական պայքարի մթնոլորտին և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին։
Կարապետյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունը քաղաքական մրցակցությունը վերածել է հակամարտության և հասարակության ներսում բաժանարար գծեր է ստեղծում։
«Միասին պայքարում ենք, միասին պատերազմում ենք, որովհետև այս ընտրական պայքարը այս մարդը վերածել է պատերազմի»,– հայտարարել է նա՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։
Շարունակելով իր խոսքը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը քննադատել է վարչապետի վարած քաղաքականությունը և այն համեմատել երկրի ներսում իրականացվող պայքարի հետ։
«Պատերազմող տղա էիր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր. հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի առջև կանգնած հիմնական խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները կենտրոնացել են քաղաքական հակառակորդների դեմ պայքարի վրա, ինչը խորացնում է հասարակական լարվածությունը և շեղում ուշադրությունը երկրի անվտանգության, տնտեսության և սոցիալական խնդիրներից։
Տավուշի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Կարապետյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի համար, և կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին՝ իրենց ձայնով ազդելով Հայաստանի հետագա զարգացման ուղղության վրա։