Բագրատ Սրբազանը Հանրապետության տոնին նոր բանաստեղծություն է գրել

Բագրատ Սրբազանը Հանրապետության տոնին նոր բանաստեղծություն է գրել, որն ստացանք այսօր… Վայելե’ք…

ՄԱՅԻՍ 28

Իմ աչքերի մեջ հայոց լեռներն են,
Դարերը ուսած գագաթներն անհաս,
Ամեհի ու լուռ հայացքով անթարթ`
Արցունքացողով աչքերը ձյունած:

Որպես վկաներ մեր նոր որբության,
Շղթայված, պատանդ և գերեվարված,
Բայց և վկաներ մեր վերելության,
Ժայռացած կամքի ու նոր հաղթության:

Իմ սրտի խորքում հայոց ձորերն են,
Մութ ու լույս, խորունկ, անհատակ երազ,
Լայն բացված գիրկ են, հույսի խշխշան
Արձագանք սիրո և ազատության:

Ոտքերիս վրա հայոց դաշտերն են,
Ջրից առավել արյունով սնված,
Իրենց արգանդում սերմացած կյանքեր,
Իմ եղբայրներն են` ծաղիկներ գույն-գույն, պսակով փառաց:

Իմ ձեռքերի մեջ Դու ես, իմ հրայրք,
Քո լուրթ լեռներով, շրթնաձորերով,
Եվ զավակներիդ կյանքով նույնացած,
Ակոսված հողդ կյանքով առլցված:

Իմ ափերի մեջ Քո սիրտն եմ գրկել,
Պահել եմ ուզում քամուց, խորշակից,
Իմ արևաշխարհ շողակաթ սիրուն,
Քեզնից առավել` ես քեզ եմ սիրում:

Իմ ավիշ, հոգի և իմ գոյություն,
Անվախճան տեսիլք, անհատնում փարոս,
Անժամանակ սեր, սխրանք ու ճախրանք,
Աստվածաընծա Հայաստան աշխարհ:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
28.05.2026

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment