Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը՝ նախատեսված նոութբուքերի և սեղանի համակարգիչների համար, ներկառուցված արհեստական բանականության հնարավորություններով: Microsoft-ի, Dell-ի և այլ արտադրողների նոր Windows սարքերը, ինչպես սպասվում է, կթողարկվեն 2026 թվականի աշնանը, գրում է The Insider-ը։
Շնորհանդեսը տեղի է ունեցել Թայբեյում՝ Nvidia GTC ամենամյա համաժողովի ժամանակ։ Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ ընկերությունը, Microsoft-ի հետ համատեղ, մտադիր է «վերափոխել անձնական համակարգիչը»։
RTX Spark-ը համատեղում է կենտրոնական պրոցեսորի (CPU) և գրաֆիկական պրոցեսորի (GPU) գործառույթները՝ թույլ տալով բարդ արհեստական բանականության մոդելները գործարկել անմիջապես սարքի վրա՝ առանց ամպային սերվերներին մուտք գործելու։ Nvidia-ն այս սարքերն անվանում է «արհեստական բանականության անձնական համակարգիչներ»։
Հուանգի խոսքով՝ նոր համակարգիչները կկարողանան աշխատել ինքնավար արհեստական բանականության գործակալների հետ՝ վերլուծել ֆայլերը, օգնել հետազոտություններում և փոխազդել օգտատիրոջ հետ ձայնի և տեսախցիկի միջոցով։
Microsoft-ը հայտարարել է, որ RTX Spark չիպերով սարքերը կկարողանան աջակցել «բարձր արդյունավետությամբ AI մոդելներին» և բարդ համակարգչային առաջադրանքներին տեղական մակարդակով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի