Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim

Քաղաքականություն

01.06.2026 | 20:54

Իրանի բանակցային թիմը դադարեցնում է «երկխոսությունը և միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը» Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Թեհրանը որպես պատճառ նշում է Իսրայելի կողմից Լիբանանում կատարված «հանցագործությունները» և բոլոր ճակատներում հրադադարի խախտումները։ Tasnim-ը տեղեկացրել է, որ հաշվի առնելով Լիբանանում «սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հանցագործությունները և հաշվի առնելով, որ Լիբանանը հրադադարի նախապայմաններից մեկն էր», և այժմ, երբ այս հրադադարը խախտվել է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական բանակցային թիմը դադարեցնում է «միջնորդի միջոցով երկխոսություններն ու տեքստերի փոխանակումը»։

Իրանի պաշտոնյաներն ու բանակցողները շեշտել են Գազայում և Լիբանանում «սիոնիստական ​​ռեժիմի բանակի ագրեսիվ և դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև ռեժիմի զորքերի լիակատար դուրսբերման անհրաժեշտությունը Լիբանանի օկուպացված տարածքներից», հավելելով, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «Իրանի և դիմադրության տեսակետներն այս հարցում չեն համընկնում»։

Բացի այդ, նշվում է, որ «Դիմադրության ճակատը և Իրանն իրենց առջև նպատակ են դրել ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց կողմնակիցներին պատժելու համար»։

Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրամայել է նոր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող թիրախներին, որոնք համարվում են իրանամետ «Հըզբոլլահ»-ի հենակետը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել  էր, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment