ՀՀ արտադրանքը համապատախանում է եվրոպական շուկային. Պապոյան

ՀՀ արտադրանքը որակական տեսանկյունից համապատախանում է եվրոպական շուկային, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ արտադրանքը որակական տեսանկյունից համապատախանում է եվրոպական շուկային, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք արտադրում ենք այնպիսի արտադրանք, որը եվրոպական շուկայի որակին 100%-ով համապատասխանում է», – ասել է Պապոյանը CivilNet-ի հետ հարցազրույցում։

Նա հայտնել է, որ Հայաստանից արտահանվող ապրանքներն արդեն լուծել են որակի հարցը և այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Մենք այսօր Հայաստանում ունենք հարյուրավոր հեկտարներով ջերմոցային տնտեսություններ, որտեղ արտադրում են ծաղիկ, լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ և այլն: Այս արտադրանքը ունի GlobalG.AP (Good Agricultural Practice) որակի սերտիֆիկատ։ Սա մի սերտիֆիկատ է, որը ԵԱՏՄ շատ արտադրողներ չունեն։ Սա մի սերտիֆիկատ է, որը նույնիսկ եվրոպաական երկրների բազմաթիվ ֆերմերներ չունեն», – ասել է Պապոյանը:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այսօր արտադրում է ծաղիկ, լոլիկ, վարունգ, պղպեղ և ելակ այնպիսի ջերմատներում, որոնք ոչ բոլոր եվրոպական երկրներում կան։

Նա նաև նշել է, որ Հյաստանում ջերմատները գերժամանակակից են և հագեցած են առաջատար տեխնոլոգիաներով։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։

Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ 

Leave a comment