Ներկայացնում ենք «Չեթեմ հաուս» բրիտանական թագավորական ինստիտուտի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսի Armenia’s election: Voters to decide on Pashinyan’s peace agenda հոդվածի հայերեն թարգմանությունը:
Լորենս Բրոերս
Հունիսի 7-ին Հայաստանը կանցկացնի անկախության վերականգնումից ի վեր իր ամենանշանակալի ընտրություններից մեկը։ Քվեարկությունը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ երկիրը կանգնած է իր ինքնության ցավոտ վերաիմաստավորման եւ դեռեւս անորոշ հնարավորությունների հորիզոնի միջեւ։
2023 թվականին Հայաստանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը՝ այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տարածաշրջանի շուրջ պայքարը 1990-ականների ազգային-ազատագրական շարժման առանցքային շարժիչ ուժերից էր, եւ դրա կորուստը հայկական ազգայնականությունից խլեց նրա գլխավոր գաղափարական հենասյուներից մեկը։ Միաժամանակ, Ղարաբաղի կորուստը թուլացրեց նաեւ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա՝ ցույց տալով Մոսկվայի նվազող դերակատարությունը Հարավային Կովկասում եւ նրա հովանավորության սահմանները։
«Իրական Հայաստան» կարգախոսի ներքո եւ ավելի լայն սահմանների հավակնություններից հրաժարվելու շեշտադրմամբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ են վարում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի օգտին։ Նրանք հույս ունեն վերջ դնել շուրջ չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը՝ վերջնականապես հրաժարվելով տարածքային պահանջներից եւ Հայաստանը ներառելով տարածաշրջանային փոխկապակցվածության համակարգում։
Միեւնույն ժամանակ, Փաշինյանը վերաուղղորդել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ նկատելի շրջադարձ կատարելով դեպի Արեւմուտք։ Այս քայլը լայն քննարկումների տեղիք է տվել եւ արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ուկրաինական սցենարի» մասին նախազգուշացումներին։
Փաշինյանին ընդդիմացող ուժերի թվում են թե՛ Ռուսաստանի հետ կապերի վերականգնման կողմնակից դաշինքները, թե՛ մի շարք փոքր կուսակցություններ, որոնց անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունները սահմանափակ են։ Հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է պահպանել առաջատար դիրքը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքից։
Սակայն ընտրողների զգալի մասը դեռեւս չի կողմնորոշվել։ Մայիսի կեսերին անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը նշել է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Թեեւ արտասահմանից տեղեկատվական մանիպուլյացիայի փորձերի վերաբերյալ մտահոգությունները հիմնավորված են, Փաշինյանի առավելությունը, ամենայն հավանականությամբ, անսասան կմնա։
Հրապարակային աջակցություն խաղաղության օրակարգին
2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ 2024 թվականի փետրվարից ի վեր սահմանին կորուստներ չեն արձանագրվել, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել՝ Հայաստանի երկարամյա շրջափակումը թուլացնելու ուղղությամբ։
Սակայն այս աննախադեպ առաջընթացը դեռեւս ժամանակավոր բնույթ է կրում։ Համաձայնագրի վերջնական ստորագրումը կախված է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումից, ինչպես պնդում է Ադրբեջանը, որով պետք է հանվեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հղումները։ Նոր Սահմանադրության ընդունումը ընտրություններից հետո առանձին հանրաքվե կպահանջի։
Այս հանգամանքը ներկայիս ընտրությունները վերածում է ոչ միայն հերթական քաղաքական մրցակցության, այլեւ Փաշինյանի բանակցած պայմանների եւ Հայաստանի համար նրա առաջարկած ռազմավարական ուղեգծի վերաբերյալ նախնական հանրաքվեի։
Բաքվի հետ կայուն համաձայնության հասնելու անհրաժեշտությունը լայնորեն ընդունված է, սակայն Ղարաբաղի կորուստը խոր ճեղքեր է թողել Հայաստանի քաղաքական համակարգում։ Դրանք ի հայտ եկան նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ երբեմն մտահոգիչ եւ մռայլ դրսեւորումներով։ Փաշինյանը մի շարք լարված ու կոշտ հանդիպումներ ունեցավ քաղաքացիների հետ, որոնք բացահայտորեն կասկածի տակ էին դնում նրա խաղաղության օրակարգը։
Միաժամանակ, համացանցում լայն տարածում գտավ դիմակավորված մարդկանց մասնակցությամբ սպառնալից տեսանյութը։ Նման երեւույթները Հայաստանում չեն ընկալվում որպես սովորական միջադեպեր. երկիրը բազմիցս բախվել է քաղաքական բռնության, այդ թվում՝ 1999 թվականի ահաբեկչությանը խորհրդարանում։
Միեւնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնում, որ իշխանությունները փորձում են հասարակական հիշողությունից դուրս մղել Լեռնային Ղարաբաղի կորուստն ու այնտեղի հայ բնակչության զանգվածային տեղահանությունը։ Ոմանք պնդում են, որ պաշտոնական հռետորաբանությունը երբեմն վերածվում է նախկին Ղարաբաղի հայերի նկատմամբ ատելության խոսքի։ Փաշինյանն ու նրա աջակիցները, սակայն, նման մեղադրանքները դիտարկում են որպես քողարկված դիմադրություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանավորվածություններին:
Այս տենդային մթնոլորտը խորացնում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման վերաբերյալ կուտակվող մտահոգությունները, քանի որ աճող բեւեռացումը քաղաքական հավատարմությունը վերածում է «ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանության։ Վարչապետի եւ հասարակության տարբեր խմբերի՝ ընդդիմության մի հատվածի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների եւ Ղարաբաղի հայերի միջեւ փոխադարձ հռետորաբանության սրությունը հարցեր է առաջացնում Հայաստանի քաղաքական մշակույթի հետագա ուղղության վերաբերյալ։
Քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած մի բուռն միջադեպի ժամանակ Փաշինյանը Ղարաբաղի հայ փախստականներից մեկին հարցրել էր, թե ինչու է նա դեռ կենդանի՝ ակնարկելով, թե նա պետք է մնար Ղարաբաղում եւ զոհվեր այնտեղ։ Ավելի ուշ այդ տղամարդը ձերբակալվեց խուլիգանության մեղադրանքով։ Նման միջադեպերը որեւէ լավ բան չեն խոստանում ապագա որեւէ համաձայնության կայունության համար։
Նույնիսկ եթե «Իրական Հայաստանը» ընդունվի որպես նոր աշխարհաքաղաքական իրողություն, բաց է մնում առանցքային հարցը՝ ինչպես է այն հարաբերվելու տեղահանված հայերի ճակատագրին եւ Լեռնային Ղարաբաղի ժառանգությանը։ Ի վերջո, այս հարցի պատասխանը պետք է տան հենց հայերը։
«Շրջադարձ դեպի Արեւմուտք», թե՞ դեպի աշխարհ
Ցավոք, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում ժողովրդավարության հարցերի շուրջ կշռադատված քննարկմանը։
2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը», որը Փաշինյանին իշխանության բերեց, սկզբունքորեն ներկայացվում էր որպես բացառապես ներքին գործ՝ առանց Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքը վերանայելու մտադրության։ Սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը Փաշինյանին ազատեց այդ համաձայնությունը պահպանելու անհրաժեշտությունից։ Միաժամանակ, այն ավելի է ամրապնդել ընդդիմության այն համոզմունքը, որ Մոսկվայի հետ մերձեցումը Հայաստանի համար նոր աղետներից խուսափելու միակ ճանապարհն է։
Հայաստանի՝ դեպի Արեւմուտք «շրջադարձի» մասին վերջին շրջանում շատ է խոսվել։ Եվ իսկապես, այսօր տեղի ունեցող մի շարք գործընթացներ մի քանի տարի առաջ անհավանական կթվային։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները դարձել է խաղաղության գործընթացի հիմնական միջնորդ՝ TRIPP ծրագրի միջոցով, որը նախատեսում է առեւտրային, հաղորդակցական եւ էներգետիկ տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ Ադրբեջանի եւ նրա Նախիջեւանի էքսկլավի միջեւ։
Ընտրարշավի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ Երեւանը հյուրընկալեց նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Հանրային դաշտում գերակշռում էր Հայաստանի «եվրոպական ընտրության» մասին ընդգծված ջերմ հռետորաբանությունը։
Այնուամենայնիվ, «շրջադարձը դեպի Արեւմուտք» Հայաստանի ժողովրդավարության համար նաեւ որոշակի ռիսկեր է պարունակում։ Որքան ավելի շատ Մոսկվան Հայաստանը դիտարկի որպես խոչընդոտ Եվրամիության հետ իր ազդեցության մրցակցության մեջ, այնքան մեծ կլինի նրա ձգտումը պարտադրել սեփական խաղի կանոնները։ Սա հատկապես վտանգավոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով երկրի զգալի կախվածությունը Ռուսաստանից՝ էներգակիրների եւ սննդամթերքի մատակարարումների, ինչպես նաեւ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների դրամական փոխանցումների տեսանկյունից։
Մյուս կողմից, որքան ավելի շատ Եվրոպան դիտարկի Հայաստանը որպես ռուսական ճնշման նկատմամբ խոցելի պետություն, այնքան ավելի մեծ կլինի գայթակղությունը անտեսելու Փաշինյանի իշխանության ժողովրդավարական թերությունները՝ «արեւմտյան թեկնածուին» պաշտպանելու քաղաքական հաշվարկով։
Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընտրության շրջանակում դիտարկելը չափազանց պարզեցված մոտեցում է։ Բազմաբեւեռությունը դարձել է Հարավային Կովկասի հիմնական բնութագրիչներից մեկը եւ ավելի ու ավելի ակնհայտորեն արտահայտվում է տարածաշրջանի պետությունների արտաքին քաղաքական վարքագծում։ Երեք հարավկովկասյան երկրներն էլ ձգտում են իրենց դիրքավորել որպես ավելի լայն եվրասիական կապուղիների հանգույցներ։
Հայաստանը ակտիվորեն խորացրել է հարաբերությունները տարբեր ուղղություններով՝ Պարսից ծոցի երկրների, Հարավային Ասիայի եւ Չինաստանի հետ։ Միաժամանակ, Ռուսաստանի հետ կապերը շարունակում են էական մնալ։ Երեւանի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մնում է միայն թղթի վրա է եւ դժվար թե վերակենդանանա։ Սակայն նրա մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) շարունակում է շոշափելի տնտեսական օգուտներ ապահովել, իսկ Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: