Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026 թվականի մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազը Ր.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment