BBC-ի կողմից արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրանական հարվածների հետևանքով վնասվել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի առնվազն 20 ռազմական օբյեկտ՝ տարածաշրջանի ութ երկրներում։
Հաղորդվում է, որ թիրախավորվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, հետախուզական ինքնաթիռներ, վառելիքի պահեստներ և կապի ենթակառուցվածքներ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս հարվածների հասցրած վնասը եղել է ավելի լայնածավալ և ճշգրիտ, քան պաշտոնապես ընդունել են ամերիկյան իշխանությունները։ Դեռ մարտին ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցում նշվում էր, որ պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում հասցված վնասը գնահատվում է շուրջ 800 միլիոն դոլար։ Զեկույցի հեղինակները նաև պնդում էին, որ պաշտոնական հաշվետվություններում այդ տվյալները թերագնահատված են եղել։
Ըստ BBC-ի՝ Պենտագոնը սահմանափակել է տարածաշրջանի նոր արբանյակային լուսանկարների հրապարակումը՝ դա հիմնավորելով անվտանգության նկատառումներով։
Վնասված ռազմական տեխնիկայի թվում, ըստ հրապարակման, առկա են առնվազն երեք THAAD հակաօդային պաշտպանության մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար։ Նշվում է նաև E-3 Sentry հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռի վնասման մասին, որի փոխարինման արժեքը կարող է հասնել մինչև 700 միլիոն դոլարի։