«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախընտրական վերջին օրերին քաղաքական ուժի գլխավոր խնդիրը համակիրների մոբիլիզացումն է և հատկապես Երևանի որոշ վարչական շրջաններում ընտրողների պասիվության կանխումը։
Նրա խոսքով՝ կուսակցության ներքին հարցումները ցույց են տալիս, որ ամենամեծ աջակցությունը կենտրոնացած է մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ հենց այդ հատվածի ընտրողների շրջանում կա ընտրություններին չմասնակցելու վտանգ։
«Այն հիմնական բանը, որ տեսնում ենք մեր առանցքային ընտրողների շրջանում անցկացված հարցումներով, Արաբկիր և Կենտրոն շրջաններն են՝ քաղաքի կենտրոնական մասը: Ձեր բոլոր շրջաններում իրավիճակն իրոք շատ լավ է, բայց վտանգ կա, որ այդ շրջանների բնակիչները չեն գնա ընտրության»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ քարոզարշավի վերջին օրերին անհրաժեշտ է կենտրոնանալ երկու կարևոր ուղղությունների վրա՝ ապահովել քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի առջև կանգնած մարտահրավերների վրա։
«Ուստի այս վերջին 10 օրերին պետք է ձեզ երկու բան ասենք. առաջին՝ պետք է գնալ ընտրության, այլապես ադրբեջանցիները կընտրեն: Երկրորդ՝ անհրաժեշտ է կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիներին: Հիմա հենց այս խոսույթն է կարևոր»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ կուսակցության առաջնորդը նշել է, որ իր քաղաքական ուժի նկատմամբ վստահությունը շարունակում է աճել, այդ թվում՝ իշխանության համակիրների շրջանում։
«Տնտեսական առումով մարդիկ արդեն մեզ վստահում են: Ասել եմ, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն են մեզ վստահում. պատկերացրեք՝ մեզ չորս անգամ ավելի շատ են վստահում, քան Փաշինյանին»,- ասել է Կարապետյանը։
Նա վստահություն է հայտնել, որ իր քաղաքական ուժի ծրագրերը կարող են էապես փոխել մայրաքաղաքի տեսքն ու զարգացման ընթացքը։
«Հինգ տարին մեզ բավական կլինի որակապես այլ քաղաք, տարածաշրջանի լավագույն քաղաքը ստեղծելու համար, և հայ ժողովուրդը նորից կհպարտանա իր մայրաքաղաքով»,- նշել է նա։
Կարապետյանը խոսել է նաև Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի ենթակառուցվածքները երկար տարիներ չեն արդիականացվել, մինչդեռ բնակչության թիվը շարունակել է աճել։
Նրա գնահատմամբ՝ մարզերից Երևան շարունակվող ներհոսքը պայմանավորված է աշխատատեղերի և կենսապայմանների անհավասար բաշխմամբ, ինչի հետևանքով մայրաքաղաքը կանգնել է գերծանրաբեռնվածության խնդրի առաջ։
«Այսօր, եթե թվում է, թե Երևանը չի հայաթափվում, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ ծնելիությունն է աճում, այլ որովհետև մարզերն են փաստացի հայաթափվում. մարդիկ տեղափոխվում են Երևան, քանի որ այստեղ աշխատատեղեր կան և ինչ-որ կերպ գոյատևելու հնարավորություն»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ մայրաքաղաքում արդեն ակնհայտ են ենթակառուցվածքային ճգնաժամի նշանները, որոնք արտահայտվում են տրանսպորտային խնդիրներով, կոմունալ ծառայությունների խափանումներով և համակարգերի գերծանրաբեռնվածությամբ։
«Ինքներդ եք զգում, որ Երևանն արդեն շնչահեղձ է լինում. չի աշխատում և ոչ մի համակարգ, տրանսպորտը չի գործում, տեղի են ունենում հոսանքազրկումներ»,- նշել է նա։
Նա հիշեցրել է, որ քաղաքի հիմնական ենթակառուցվածքները ձևավորվել են տասնամյակներ առաջ և նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար։
«Մի քանի տարում քաղաքի մեջ փաստացի խցկել են Վանաձորի և Գյումրիի բնակչությունը՝ առանց որևէ ենթակառուցվածք կառուցելու: Երևանի համակարգն ընդհանուր առմամբ կառուցվել է դեռ 1960-ականներին և հիմա գերծանրաբեռնված է՝ առանց հաշվարկների»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ իրավիճակի հետևանքներից են նաև պարբերական անջատումները և էներգամատակարարման խնդիրները։
«Էլեկտրականություն կա, գազ՝ ոչ, հետո զարմանում են, որ անջատումներ են լինում: Իսկ ուրիշ ի՞նչ սպասել, եթե հզորությունը բավարար չէ, եթե մալուխները նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար»,- հավելել է նա։
Ելույթի ավարտին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ վերջին տարիներին իրականացված քաղաքականության հետևանքով երկրի զարգացման տեմպերը կանգ են առել, և անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ հետագա անկումը կանխելու համար։
«Այն, ինչ արեցին, բոլոր ջանքերը զրոյացրին: Եվ մեզ դեռ կարող են ավելի հետ շպրտել՝ ընդհուպ մինչև 1970-ականների մակարդակ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։