Գոռի մատների տակ բացված մանրանկարներն ու այլեւս հասանելի Մատենադարանը

20-ամյա Գոռը շոշափում է «Մալաթիայի ավետարան» ձեռագիր մատյանը։ Մատների տակ մանր կետեր ու տարբեր ուղղություններով ձգվող գծեր են, որոնց միջոցով փորձում է տարբերել մանրանկարի դետալները։ Շոշափումն ուղեկցվում է աուդիոնկարագրությամբ, որը պատմում է ձեռագրի պատկերների, գույների ու կառուցվածքի մասին։ 
Գոռ Համբարձումյանը տեսողության խնդիր ունի եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առաջին անգամ հնարավորություն ունի դիպչել, ծանոթանալ ձեռագիր մատյաններին։ 
Գոռի մասին Մեդիամաքսը պատմել էր 2023 թվականին՝ «Բարություն եւ ծիծաղ տարածող Գոռը, որ երգում է զուլալ ձայնով» հոդվածում։ Այն ժամանակ նա Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող էր, այժմ սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա-ի ջազ վոկալի բաժնի 2-րդ կուրսում։
Գոռին ուղեկցում է գիդ Սեդա Հակոբյանը, որն արդեն 15 տարի աշխատում է Մատենադարանում, հայերեն-գերմաներեն լեզուներով գիդ է, վերջին տարիներին ներգրավված է նաեւ կրթական ծրագրերում։ Ասում է՝ հատկապես հաճույքով է աշխատում երեխաների հետ։
Սեդան պատմում է, որ ներառական խմբերին դիմավորում են մուտքի մոտ, ծանոթանում այցելուների կարիքներին, հասկանում՝ ում ինչ աջակցություն է անհրաժեշտ, ապա սկսվում է շրջայցը։ Սկզբում այցելուները գնում են «Միջնադարյան Հայաստանի հմտություններ եւ արվեստներ» լաբորատորիա-ցուցասրահ, որտեղ ծանոթանում են մագաղաթին, գունանյութերին, գրիչներին ու ձեռագրերի պատրաստման գործիքներին։
«Այս փուլն օգնում է նախ հասկանալ, թե ինչ է ձեռագիրը եւ ինչպես է ստեղծվել։ Այստեղ այցելուները հատուկ շոշափում են յուրաքանչյուր նյութ, ծանոթանում դրանց նշանակությանը, նոր բառեր ու հասկացություններ սովորում։ Երկրորդ փուլում «Այլ կերպ» են խաղում։ Մասնակիցներից մեկը բացատրում է բրայլյան գրերով պատրաստված քարտի վրա գրված բառը, մյուսները՝ գուշակում։ Այդպես եւ գիտելիքն է ամրապնդվում, եւ այցն ավելի հետաքրքիր դառնում»,- պատմում է Սեդան։
Գոռը լաբորատորիայում նախ մատերով ուսումնասիրում է բնական գունանյութերը, ծանոթանում մագաղաթին ու եղեգնյա գրչին, հատուկ գործիքի օգնությամբ փորձում հարթեցնել մագաղաթի մակերեսը, այնուհետեւ գնում ենք ցուցանմուշների սրահ։
Մատենադարանի հարուստ ֆոնդից ընտրվել է չորս ձեռագիր, որոնց շոշափելի կրկնօրինակները ներկայացված են բնօրինակների կողքին՝ հայերեն եւ անգլերեն աուդիոնկարագրությամբ։ Դրանք են՝ «Մատյան ողբերգությունը», «Մալաթիայի ավետարանը», «Հայոց պատմություն» ձեռագիրը եւ Ֆիրդուսի «Շահնամեն»։ Քանի որ Մատենադարանում պահվում են ոչ միայն հայերեն, այլեւ օտար լեզուներով բազմաթիվ ձեռագրեր, կարեւոր են համարել, որ ցուցադրությունն էլ արտացոլի այդ բազմազանությունը, դրա համար էլ ընտրված ձեռագրերից մեկը պարսկերեն է։
Շոշափելի տարբերակները ներկայացվել են այս տարվա հունվարին՝ «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական կրթական ծրագրի մեկնարկով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին ծանոթանալ միջնադարյան մանրանկարչական գլուխգործոցներին։ Կրկնօրինակները պատրաստել է «Սարեր» ՀԿ-ն։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են նաեւ փորձագետ Սիփան Ասատրյանը եւ Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Սարգսյանը։
Գոռն ու Սեդան մոտենում են առաջին ցուցանմուշին։ 
Գոռը շոշափում է բրայլյան այբուբենով գրված անվանումը՝ «Մալաթիայի ավետարան», հետո դնում է ականջակալն ու ձեռքը սկսում սահեցնել մանրանկարի ձախ անկյունից դեպի ներքեւ։ Ես էլ մոտենում եմ «Մատյան ողբերգության» կրկնօրինակին։ Փակ աչքերով շոշափելիս մատերի տակ ուղղակի փոքրիկ անհարթություններ են զգացվում, բայց ականջակալ դնելուն պես հաճելի, հանդարտ ձայնը սկսում է նկարագրել շոշափվող պատկերները, եւ հասկանում ես, թե ինչպես է չտեսնող մարդը մի հպումով սկսում հասկանալ ձեռագիր մատյանը։
«Հիասքանչ է, որ կարողանում ես հասկանալ՝ ուր ես եկել, ինչ կա այդտեղ։ Տեսողության խնդիր ունեցող մարդու համար սա շատ կարեւոր է։ Աուդիոմեկնաբանությունն օգնում է, որ շոշափելիս պատկերը ուղեղիդ մեջ կառուցես։ Եթե ես, որ երբեք չեմ տեսել, հիմա պատկերացնում եմ այս ցուցանմուշները, նրանք, ովքեր երբեւէ տեսել են, շատ ավելի լավ կպատկերացնեն։ 
Ասում են՝ ինչքան էլ ջրի մասին պատմեն, մինչեւ ինքդ չշոշափես, չզգաս, չես հասկանա։ Երբ այդ ամենը հասանելի է, քեզ լիարժեք ես զգում։ Մինչ այս ընկերներս էին ասում, որ ցուցադրությունը հետաքրքիր է, հիմա արդեն ինքս համոզվեցի։ Ու գիդի աջակցությունն էլ շատ կարեւոր դեր ունի»,- ասում է Գոռը։
«Մալաթիայի ավետարանը» շոշափելիս, նրա խոսքով, պատկերացրել է քարայրը, ուր մոգերը երկրպագության են եկել Հիսուսին, Մարիամ Աստվածածնին՝ գրկին մանուկ Հիսուսը։
«Նկարագրություններն այնքան պատկերավոր են, որ ինքդ էլ հայտնվում ես քարայրում, պատկերացնում՝ ով մոտեցավ, ինչ ընծա բերեց։ Մատերիդ տակ զգում ես բոլոր տարբերությունները՝ գույների, պատերի անցումները։ Բոլոր մանրամասները բացատրվում են նախշերով, անգամ փոքրիկ դետալներով։ Հատկապես տեսողության խնդիր ունեցող երեխաների համար այս ցուցանմուշները շատ օգտակար կլինեն։ Մատչելիության յուրաքանչյուր նոր հնարավորություն հույս է տալիս, որ նման վայրերն ապագայում ավելի հասանելի կդառնան։ Պատկերացնում եմ՝ եթե ես երեխա ժամանակ այս նույնը կարողանայի զգալ, որքան ուրախ կլինեի»,- ասում է Գոռը։
Նա ասում է, որ Մատենադարանում վերջին անգամ եղել է 7-րդ դասարանում։ Անգամ օրն է հիշում՝ նոյեմբերի 4-ը։ Այդ օրը դասընկերների հետ եւս մեկ թանգարան է այցելել ու «երկու սթրես ապրել»։
«Բոլորն ուրախ էին, լավ տրամադրված, իսկ ինձ համար անհասանելի, անհասկանալի միջավայր էր։ Գիդերը, իհարկե, հետաքրքիր էին բացատրում, բայց փոշմանել էի, որ եկել եմ։ Մտածում էի՝ լավ կլիներ, եթե ինձ էլ հասանելի լինեին ցուցանմուշները։ Շատ էի ուզում շոշափել, անընդհատ ապակիներին էի ձեռք տալիս, գիդերն էլ խնդրում էին ձեռք չտալ։ Հիմա հասկանում եմ, բայց երեխայի համար, որ չի տեսնում ու գոնե ուզում է շոշափել, դժվար է ընկալել, թե ինչու են արգելում։ Եվ ինձ համար էր տհաճ, եւ գիդերի համար՝ անհարմար։ Պատկերացնում եմ՝ ինչ խոժոռ դեմք եմ ունեցել այդ օրը»,- ծիծաղելով պատմում է Գոռը։
Գոռն ասում է, որ Հայաստանում արդեն մի քանի թանգարաններ ունեն տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված ցուցադրություններ։ Տարբեր փորձառություններ է ունեցել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում եւ Երվանդ Քոչարի թանգարանում։ 
Ամենատպավորիչ փորձառություններից մեկը Սասունցի Դավիթ քանդակի կրկնօրինակն էր՝ Քոչարի թանգարանում։
Մատենադարանում շոշափելի ցուցանմուշների թիվն ընդլայնելու նպատակ կա։ «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» Մատենադարանի առաջին ներառական կրթական ծրագիրն է։ Նախատեսվում է ընդլայնել ծրագրերի թիվը, ընդգրկել նոր տարիքային խմբեր, մշակել ծրագրեր նաեւ լսողության խնդիրներ ունեցողների համար՝ սուրդոմեկնաբանությամբ։ 
«Ներառական ծրագրերը թույլ են տալիս քեզ լիարժեք զգալ այդ վայրում։ Ոչ միայն երեխա ժամանակ, հիմա էլ շատ վայրերում խնդիրների եմ հանդիպում, որոնք կարծես կտրում են ճանապարհս։ Մատենադարանն ինձ համար այլեւս այդ վայրերից չէ»,- ասում է Գոռ Համբարձումյանը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանիս

Leave a comment