Արաբական Միացյալ Էմիրությունները պատերազմի առաջին օրերից գաղտնի մասնակցել է Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին՝ հասցնելով տասնյակ ավիահարվածներ Իրանի տարածքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Էմիրությունների ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտների՝ գործելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համակարգված ձևով։ Նշվում է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք օգտագործվել են հարվածների պլանավորման և իրականացման ընթացքում։
Աղբյուրների համաձայն՝ թիրախների թվում եղել են Օրմուզի նեղուցում գտնվող Քեշմ և Աբու Մուսա կղզիները, Բանդար Աբբաս նավահանգստային շրջանը, Պարսից ծոցում գտնվող Լավաս կղզու նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Ասալույեի նավթաքիմիական համալիրը, որը համարվում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների կարևորագույն կենտրոններից մեկը։
The Wall Street Journal-ը նշում է, որ Էմիրությունները շարունակել են հարվածները նույնիսկ այն բանից հետո, երբ ապրիլին հայտարարվել էր հրադադարի մասին։ Ըստ աղբյուրների՝ ռազմական գործողությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում՝ հրադադարի ուժի մեջ մտնելու հայտարարությունից հետո։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ի ակտիվ ներգրավվածությունը լուրջ տարաձայնություններ է առաջացրել Պարսից ծոցի արաբական պետությունների շրջանում։ Մասնավորապես, ապրիլի սկզբին Սաուդյան Արաբիան դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ զգուշացնելով, որ Էմիրությունների գործողությունները մեծացնում են Իրանի հնարավոր պատասխան հարվածների վտանգը տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։
Եթե հրապարակված տեղեկությունները հաստատվեն, ապա դրանք կարող են էականորեն փոխել տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ առկա պատկերացումները՝ ցույց տալով, որ Իրանի դեմ գործողություններին ներգրավված են եղել ոչ միայն Իսրայելն ու ԱՄՆ-ն, այլև Պարսից ծոցի առանձին արաբական պետություններ։