Ոչ ոք չի կարող մեզ թելադրել, թե ինչ պետք է անենք. Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային խիստ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը իր քաղաքական որոշումները կայացնում է ինքնուրույն և չի ընդունում որևէ արտաքին թելադրանք։

Անդրադառնալով Թրամփի կողմից հնչեցված այն պնդումներին, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ծովային սահմանափակումների հնարավոր վերացմանը, Բաղային նշել է, որ պաշտոնական Թեհրանը նախընտրում է գնահատականներ տալ ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի հիման վրա։

«Ինչ վերաբերում է ծովային շրջափակման վերացման մասին հայտարարությանը, ապա պետք է տեսնենք, թե գործնականում ինչ է տեղի ունենալու։ Անհրաժեշտ է հասկանալ՝ սա իրական գործողությո՞ւն է, թե՞ հերթական քարոզչական հայտարարությունը», — ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Միաժամանակ Բաղային ընդգծել է, որ Իրանի նկատմամբ որևէ երկիր չի կարող հրամայական լեզվով խոսել կամ պահանջներ ներկայացնել՝ անկախ նրանից, թե ով է այդ երկրի ղեկավարը։

«Կրկին հայտարարում եմ, որ ոչ ոք չի կարող Իրանի նկատմամբ կիրառել «պետք է» կամ «պարտավոր է» ձևակերպումները։ Թրամփը չի կարող մեզ թելադրել, թե ինչ պետք է անենք։ Այդ հարցերը մենք ինքներս ենք որոշում», — հայտարարել է նա։

Բաղայիի այս հայտարարությունը ևս մեկ անգամ արտացոլում է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, համաձայն որի՝ երկիրը չի պատրաստվում իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը կառուցել արտաքին ճնշումների կամ վերջնագրերի հիման վրա։ Թեհրանում շարունակում են պնդել, որ միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքն ու հավասարության սկզբունքը պետք է գերակշռեն ուժի լեզվի և քաղաքական ճնշումների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment