Միլիարդատեր Էլոն Մասկի ամերիկյան SpaceX կորպորացիան մայիսի 20-ին ներկայացրել է նախնական հանրային առաջարկի (IPO / Initial Public Offering) հայտ։ Այն կարող է լինել պատմության մեջ ամենամեծը, քանի որ ընկերությունը ակնկալում է IPO-ի միջոցով ներգրավել ռեկորդային 75 միլիարդ դոլար։
Ակնկալվում է, որ բաժնետոմսերը կցուցակագրվեն Nasdaq ֆոնդային բորսայում SPCX թիքերով, իսկ առևտուրը կարող է սկսվել արդեն հունիսին։
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված հայտի համաձայն՝ Մասկը IPO-ից հետո կմնա որպես գլխավոր տնօրեն, տեխնիկական տնօրեն ու տնօրենների խորհրդի նախագահ։
Հայտարարագրում Էլոն Մասկի ընկերությունը իր 24-ամյա պատմության մեջ առաջին անգամ հրապարակել է մանրամասն ֆինանսական ցուցանիշներ։ SpaceX-ի եկամուտը 2025 թվականին հասել է 18.7 միլիարդ դոլարի։ Այնուամենայնիվ, ընկերությունը գրանցել է 2.6 միլիարդ դոլարի գործառնական վնաս։ Ինչպես նշել է AFP-ն, դա պայմանավորված է ընկերության կողմից նոր սերնդի հրթիռների և արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման գործում կատարված զգալի ներդրումներով։
Բացի այդ, փաստաթղթերը ցույց են տալիս, որ SpaceX-ը չի մտադիրվում որևէ դիվիդենտ վճարել իր ապագա բաժնետերերին մոտ ապագայում, հաղորդել է Reuters-ը։
SpaceX-ը հիմնադրվել է 2002 թվականին։ Այն Starlink-ի մոտ 10,000 արբանյակներից բաղկացած ցանցով ապահովում է գլոբալ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն։ Իլոն Մասկի հավակնոտ նպատակներից մեկը Մարսի վրա մշտական մարդկային գաղութի ստեղծումն է։