Բաժանորդագրվել
«Զվարթնոց» օդանավակայանում մաքսային զննության ժամանակ հայտնաբերվել են ուղեբեռում թաքցված կանխիկ դրամական միջոցները։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. 2 անձ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել 956 հազար եվրո կանխիկ գումար՝ թղթադրամները թաքցնելով ուղեբեռի հագուստների մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, մայիսի 30-ին Ս.Ն. և Մ.Ն.-ն ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքով, 2 անձինք ձերբակալված են։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ: