«Այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը»,- Դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Սրբազանն ընդգծեց, որ իրենց դատական գործընթացի բոլոր դատավորներով հանդերձ, քննիչներով, մեղադրողներով, հրահանգ տվողներով, բոլոր այդ համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը:
«Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության, ամոթի ու խայտառակության այս զազրելի օրերը: Այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի՝ թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»,- նշեց Սրբազան Հայրը: