ԱՄՆ-ի և Կուբայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն են հանդիպել մայիսի 29-ին Գուանտանամո ծոցում։ Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչել են Ազատության կղզին գրավելու սպառնալիքներ։
ԱՄՆ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենսիս Դոնովանը հանդիպել է Կուբայի շտաբի պետ գեներալ Ռոբերտո Լեգրաս Սոտոլոնկոյի հետ՝ «օպերատիվ անվտանգության հարցերի կարճ փոխանակման համար»։
Գեներալ Դոնովանն անցկացրել է բազայի անձնակազմի և պարագծի անվտանգության գնահատում։
«Գուանտանամո ծոցը կարևորագույն գործառնական և լոգիստիկ կենտրոն է, որը աջակցում է ԱՄՆ ռազմական ջանքերին՝ մեր կիսագնդում անվտանգությունը, կայունությունը և ժողովրդավարությունը խաթարող սպառնալիքներին հակազդելու համար», – ասվում է հրամանատարության պաշտոնական հայտարարության մեջ։
Կուբայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ «երկու պատվիրակություններն էլ այս հանդիպումը դրական են համարում» և համաձայնել են «պահպանել կապը»։ Կուբայի զինվորականները նաև նշել են, որ բարձրացվել են ռազմական անկլավի պարագծի շուրջ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Երկու երկրների միջև հարաբերությունները չափազանց լարված են այս տարվա հունվարից՝ Կարակասում Կուբայի ամենամտերիմ դաշնակից՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։