Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից

Քաղաքականություն

29.05.2026 | 21:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա Ռուսաստանը ստիպված կլինի սահմանափակել Երևանի հետ տնտեսական ինտեգրացիոն համագործակցությունը, տեղեկացնում է TASS-ը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի միության ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև կբախվի երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման և ավտոբեռնափոխադրողների համար ավելի խիստ պահանջների։

ՌԴ նախագահի խոսքով՝ փոփոխություններ կլինեն նաև Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հարցում։ Եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, ապա հայաստանցի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն նույն կանոնները, ինչ մյուս միգրանտների դեպքում, այդ թվում՝ աշխատանքի համար արտոնագիր ստանալու պահանջը։

Պուտինը նշել է նաև, որ ներկայումս Հայաստանը ԵՏՄ-ի շրջանակում օգտվում է միության պաշտպանված շուկայի հնարավորություններից։ Ռուսաստանում ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, քան Եվրամիությունում, և եթե Երևանը խզի կապերը ԵՏՄ-ի հետ, հայկական գյուղատնտեսական արտադրանքը կարող է կորցնել մուտքը ռուսական շուկա, հայտարարել է Պուտինը։

Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ անկախ Հայաստանի որոշումներից՝ հումանիտար և քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն տուժի, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես տնտեսական հարցերին։

Leave a comment