Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։
Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։
Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։
Sputnik Արմենիա