Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 10 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով երկու անձ կալանավորվել է

Հասարակություն

29.05.2026 | 17:51

Քրեական ոստիկանության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի և Կոտայքի մարզի պարեկների հետ, Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 44-ամյա երկու տղամարդու՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու կասկածանքով։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 10 կիլոգրամ մարիխուանա, երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ հինգ կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։

Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment