Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են Իրանի տնտեսությունը զարգացնելու համար ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը՝ որպես կարգավորման մաս, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանցի պաշտոնյան և մեկ դիվանագետ դրա չափը գնահատում են 300 միլիարդ դոլար, սակայն բանակցություններին միջնորդող այլ պաշտոնյաներ չեն հաստատել այդ թվերը։
«Իրանցի պաշտոնյան այն նկարագրել է որպես «վերակառուցման ծրագիր», որը խոստացվել է Իրանին, եթե վերջնական համաձայնագիր կնքվի։ Իրանն ավելի վաղ պահանջել էր ռմբակոծություններից վնասի համար փոխհատուցում, որը որոշ իրանցի պաշտոնյաներ գնահատել են 300 միլիարդից մինչև 1 տրիլիոն դոլար», – նշել է թերթը։
Երկու դիվանագետներ թերթին ասել են, որ առաջարկը վերաբերում է միջազգային ներդրումային հիմնադրամին, որի գործունեությունը ԱՄՆ-ն կաջակցի, եթե կողմերի միջև վերջնական համաձայնագիր կնքվի։ Հիմնադրամի գործունեության մանրամասները դեռևս մշակվում են: Այս առաջարկը, կարծես, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների կողմից նախկինում առաջ քաշված գաղափարների զարգացումն է։
NYT-ի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչներն ավելի վաղ առաջարկել էին թույլ տալ ամերիկյան ընկերություններին, այդ թվում՝ խոշոր նավթային և էներգետիկ ընկերություններին, մուտք գործել իրանական շուկա՝ ներդրումների և համատեղ նախագծերի համար։
Բացի այդ, ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնագիրը, որը դեռևս բանակցությունների փուլում է, կարող է նաև նախատեսել արտասահմանում իրանական որոշ միջոցների ապասառեցումը: Թեհրանը գնահատում է դրանց արժեքը 24 միլիարդ դոլար, որից 20 միլիարդ դոլարը սառեցված է Մերձավոր Արևելքում։
Թերթի տվյալներով՝ ներքաղաքական բարդություններից խուսափելու համար ԱՄՆ վարչակազմը մշակում է այլ երկրների, այդ թվում՝ Կատարի հետ կապված ակտիվների ապասառեցման տարբերակներ: Իրանցի պաշտոնյայի և երկու դիվանագետների խոսքով՝ համաձայնագրի նախագծում պետք է նշվի իրանական միջոցների փուլային ազատման մասին։