«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քարոզարշավ անցկացրեց Արարատում։ Նա նախ շնորհավորեց արարատցիներին մայիսի 28-ի առիթով, ապա ասաց, որ տպավորված է Հանրապետության հրապարակում կայացած շքերթով․ «Ուսուցչի որդի լինելով՝ նշանակում եմ 5+»։
Նա ասաց, որ ՀՀ ինքնիշխանության, խաղաղության հիմնական պաշտպանը ՀՀ բանակն է։ «Եթե 2020 թվականի պատերազմից հետո դուրս գայինք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ հնարավոր էր, որ Ջերմուկում տեղի ունեցած դեպքերը ոչ թե Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակները կանգնեցնեին, այլ Հայաստանի Հանրապետության զինվորը կանգնեցներ, մի բան էլ առաջ գնար»,- ընդգծեց «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն։
«Եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս եկած լինեինք 2020 թվականին, 2022 թվականին այս զենքերի մի ահռելի քանակ մենք արդեն գնած կլինեինք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմա էլ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ ավելի շատ երկրներ ու ավելի առաջադեմ և մեծ քանակով զենք կառաջարկեն… Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները վարում են հավասարակշռման քաղաքականություն, մեր կախվածությունը Ռուսաստանից ստիպում է իրենց լինել ավելի զգուշավոր, ինչը շատ ընկալելի և հասկանալի է։ Պետության ու պետականության պատասխանատվությունը գերկարևոր բան է։
Բայց, սիրելի ժողովուրդ, մեր երկրում, Ազգային ժողովում ներկայացված չէ այնպիսի քաղաքական կուսակցություն, որն ամեն օր կասի՝ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, միասնական հակաօդային պաշտպանությունից դուրս գալ, պետք է նոր տեխնոլոգիական զենք ու սպառազինություն գնել Եվրոպայից, ՆԱՏՕ-ից, պետք է ՀՀ բանակը հարմարեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին… Այսօր ամբողջ կռիվը հավասարակշռողների ու ռուսամետ դաշտում է, որովհետև այդ ռուսամետները մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված՝ մեզ ձգում են, տանեն դեպի Ռուսաստան-Բելառուս միություն»։
Ի թիվս այլնի, անդրադառնալով ռուսական կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքներին՝ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ արգելքները համաձայնեցված են ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ՝ երկրում իշխանափոխություն հրահրելու նպատակով։ Նա հիշեցրեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը․ «Չորս օր առաջ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ասաց, որ կաթնամթերքից հետո արգելելու են ելակը, հետո՝ գազը, ջուրը, և սկսեց թվարկել։ Հաջորդ օրն իսկ արգելեցին ելակը։ Չգիտեմ՝ ինքն ասաց, թե իրեն արդեն ասել էին, բայց այստեղից պատվեր է գնում, այնտեղից պատվերը կատարում են»,- հայտարարեց Սարգսյանը։
Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: