Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հենրիխ Մխիթարյանը մտադիր է մնալ Միլանում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին վստահ է, որ թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առնվազն ևս մեկ տարի կխաղա Միլանի «Ինտերի» կազմում։ Նա այդ մասին ասել է «РБ Спорт»–ին։
«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի «Ինտերի» հետ պայմանագիրը։ Ոչ մի կասկած չկա, որ նա ևս առնվազն մեկ տարի իր խաղով կուրախացնի բոլորիս այս մեծագույն իտալական ակումբում: Ինձ թվում է՝ այս նորությունն է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ Մխիթարյանի անհատական երկրպագուների շրջանում, որոնք շատ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,-ասել է Բերեզովսկին։
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում մասնակցել է 39 հանդիպման` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա Մխիթարյանի և «Ինտերի» պայմանագիրը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։