Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ սկսել է հարվածներ հասցնել շիա շարժման ենթակառուցվածքներին:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային Տիր քաղաքի հնագույն հռոմեական համալիրին հարող տարածքում գտնվող շենքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ականատեսներին:

Այսօր Իսրայելի բանակը հայտարարել էր, որ սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի Տիր քաղաքի շրջանում «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին:

«Իսրայելական հարվածները հասցվել են Ասարի շրջանի շենքերին՝ ձիարշավարանի անմիջական հարևանությամբ», – ասել է գործակալության զրուցակիցը:

Մեկ այլ ականատեսի խոսքով՝ հարվածների հետևանքով բնակելի բազմահարկ շենք է ոչնչացվել:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Լիբանանում «Հզբոլլահ» շարժման ուղղությամբ հարվածներն ուժեղացնելու և այդ խմբավորմանը «ջախջախիչ պարտություն» հասցնելու պլանների մասին:

Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել

Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Leave a comment