«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև բեռնափոխադրվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքում:

«Որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացման կապակցությամբ և ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի ֆիտոսանիտարական վիճակին։

Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝ 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում, որի ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման համակարգված դեպքերով՝ 2026 թվականի ընթացքում 181 դեպք։

Նաև, «Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվական համակարգի տվյալներով, մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն մատակարարվում է անհայտ սեփականության ձև ունեցող բազմաթիվ հայկական արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից, որոնք խուսափում են կարանտինային ֆիտոսանիտարական հսկողություն անցնելուց։ Նշվածը վկայում է այն մասին, որ հայ գործընկերները Ռուսաստան արտահանման ժամանակ արտադրանքի հետագծելիության համակարգ չունեն»։

Leave a comment