«Նիկոլ Փաշինյանի օրոք բանակն ամենաքաղաքականացված կառույցն է դարձել»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց մարտավարությունը սխալ թիրախների վրա են տանում․ այդ մասին այսօր նա հայտարարեց Ապարանում լրագրողների հետ զրույցում։

Առհասարակ, նա գտնում է, որ առաջատար երեք ընդդիմադիր ուժերն արդեն սխալ են թույլ տվել, երբ իրենց ուժի հետ մեկ միասնական ցուցակով չեն գնացել ընտրությունների, բայց հույս ունի, որ դեռ հնարավորություն կա իրավիճակը շտկելու։

«Առավոտյան ես շնորհավորել եմ մեր ԶՈՒ զորահանդեսը, ընդդիմությունը թիրախավորում է զորահանդեսը։ Ես շնորհավորում եմ և ասում եմ՝ հունիսի 7-ից հետո մենք պետք է անենք զորավարժություններ։ Այդ զինված ուժերը Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր զինված ուժերն են, մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ, որ առել է՝ մեր վճարած հարկերից են։ Կարո՞ղ է ՔՊ-ն է այդ բաները պատրաստել․․․ դրոններ է սարքել Ալեն Սիմոնյանը։ Ինչ կա՝ մերն է, մեր պետությանն է պատկանում, մեր բանակն է»,- հեգնեց նա։

Իր կարծիքով՝ զորավարժություններ պետք է լինեն, որպեսզի ցուցադրված զենքերը բանակը կարողանա կիրառել, քանի որ մեր բանակը պետք է մարտունակ լինի։

Դիտարկմանը, որ խնդիրը հենց դրանում է, ու անգամ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերը ետ չեն շպրտվում, արձագանքեց․ «Մենք բանակին ենք շնորհավորում, Նիկոլ Փաշինյանին չենք շնորհավորում։ Բանակը պետք է լինի ապաքաղաքական։ Նիկոլ Փաշինյանի օրոք բանակն ամենաքաղաքականացված կառույցն է դարձել․ բանակը պետք է ապաքաղաքականացվի և դառնա մարտունակ»։

Էդմոն Մարուքյանը խնդիր է համարում այն, որ Փաշինյանը բանակցություններով էլ չի փորձում ՀՀ ինքնիշխան տարածքից հանել ադրբեջանական զորքերը։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը աջակցություն ունի ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Էդմոն Մարուքյանը նկատում է․ «Ոչ մի միջազգային աջակցություն չի կարող Նիկոլ Փաշինյանին վերընտրել, եթե մեր ժողովուրդը նրան չընտրի։ Եկեք մեր ժողովրդի հետ աշխատենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment