Բարոյական աստվածաբանության ներդրումը ժողովրդավարության պաշտպանության գործում
Հայաստանում և ամբողջ աշխարհում
Տիրատուր քհն. Սարդարյան
Գերմանիայի Հայոց Թեմ
- Ներածություն.
Ականատես ենք մի վտանգավոր իրականության, որտեղ ճշմարտությունն ու սուտը վերածվում են քաղաքական ռեսուրսի՝ մի բանի, որը կարելի է արտադրել, գեղեցիկ փաթեթավորել և վաճառել։ Սա զուտ հայկական խնդիր չէ: Համաշխարհային տեղեկատվական դաշտը ողողված է կեղծ լուրերով, արատավորող արշավներով, նպատակաուղղված խեղաթյուրումներով և կազմակերպված զրպարտությամբ։ Ինչի՞ մասին է խոսում սա: Իմ կարծիքով, սա խոսում է այն մասին, որ խնդիրը լոկ քաղաքական կամ մեդիագիտական չէ: Նախևառաջ սա խորը բարոյական և հոգևոր ճգնաժամ է, որի հետ բոլորս առնչվում ենք այս կամ այն կերպ, ոմանք ավելի շատ, ոմանք ուղղակի, ոմանք էլ անուղղակի կերպով:
Հատկապես այսօր Հայաստանում տիրող իրավիճակը հատուկ մտահոգության տեղիք է տալիս։ 2020 թվականի ավերիչ պատերազմից և դրան հաջորդած քաղաքական ցնցումներից հետո տեղեկատվական մթնոլորտը Հայաստանում և նրա շուրջ խորապես թունավորված է։ Ընտրարշավները ձևավորվում են ոչ այնքան առարկայական բանավեճերով, որքան համակարգված ապատեղեկատվական արշավներով, ընդդիմախոսների անձնական վարկաբեկմամբ, կրոնական և ազգային խորհրդանիշների շահարկմամբ և անկախ ձայների համակարգված լռեցմամբ։ Քաղաքացիները հաճախ այլևս չգիտեն, թե որն է ճշմարտությունը։ Վստահությունը պետական ինստիտուտների, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և քաղաքացիական հասարակության նկատմամբ վտանգավոր կերպով խարխլված է։
Հարկ է նշել, որ ապատեղեկատվության վերելքը միայն հայկական խնդիր չէ։ Հունգարիայից մինչև Բրազիլիա, Թուրքիայից մինչև Եվրամիության Երկրներ, Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ կարելի է նկատել նույն օրինաչափությունները՝ լեզվի նպատակաուղղված զինումը, այլընտրանքային իրականությունների կառուցումը, հակառակորդների ապամարդկայնացումը, քննադատող ձայների ահաբեկումը։ Ժողովրդավարությունն ինքը գտնվում է հարվածի տակ՝ ոչ թե դարպասների մոտ կանգնած բանակների, այլ մեր գրպաններում կամ ձեռքերում գտնվող հեռախոսների միջոցով, միշտ մեզ հրամցվող ստերի պատճառով։
Ես գրում եմ այս հոդվածը որպես հոգևոր հովիվ և բարոյականության աստվածաբան, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Ես չունեմ քաղաքական հավակնություններ, կուսակցական պատկանելություն կամ որևէ կոնկրետ քաղաքական օրակարգ առաջ տանելու շահագրգռվածություն։ Ինձ առաջ մղողը ճշմարտության հանդեպ պարտավորությունն է՝ որպես Ավետարանի չափանիշ, որպես մարդկային արժանապատվության հիմք և որպես իրական ժողովրդավարության (որի արտահայտությունը նաև եկեղեցական համայնքն է, այնպես ինչպես մենք այդ համայնքներն ունենք հատկապես Սփյուռքում) անհրաժեշտ պայման։ Ցավալի անձնական փորձով սովորեցի, որ նույնիսկ նրանք, ովքեր չեն ձգտում որևէ քաղաքական իշխանության և պարզապես կատարում են բարոյական խնդիրներից խոսելու իրենց հովվական պարտքը, կարող են հայտնվել այս մեքենայի թիրախում։ Հետևաբար, այս հոդվածը և՛ գիտական, և՛ անձնական տեքստ է։ Այն նպատակ ունի հայ ընտրողներին, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների բոլոր քաղաքացիներին տրամադրել գործիքներ՝ ստի միջոցով իրականացվող քաղաքական մանիպուլյացիան հասկանալու, գնահատելու և դրան դիմակայելու համար։
- Ախտորոշում կամ ինչպե՞ս է սուտը
քաղաքականություն կերտում
2.1 Պոպուլիզմը որպես մանիպուլյացիայի միջոց
Ժամանակակից ժողովրդավարություններում քաղաքական մանիպուլյացիայի առաջին և ամենատարածված միջոցը պոպուլիզմն է՝ ոչ թե ամենօրյա «ժողովրդամոտության» իմաստով, այլ իր գիտական նշանակությամբ՝ որպես քաղաքական ոճ, որը հասարակությունը բաժանում է երկու արհեստական ճամբարների՝ «ժողովրդի» և «էլիտայի»։ Պոպուլիստները միայն իրենց են վերագրում ժողովրդի իրական կամքի ներկայացումը ընդդեմ բարոյապես կոռումպացված իսթեբլիշմենտի (վերնախավի)։ Հաղորդակցության գիտությունը ցույց է տվել, որ այս երկբևեռ բաժանումը հիմնականում հռետորական կառույց է։ Իրական քաղաքական խնդիրները բարդ են, բազմաշերտ, լի հակասություններով և օրինական մրցակցող շահերով։ Պոպուլիստական հաղորդակցությունը գիտակցաբար քողարկում է այս բարդությունը և այն փոխարինում պարզ թշնամու կերպարներով, սև-սպիտակ մտածողությամբ և «մենք ընդդեմ նրանց» կարգախոսներով։
Պոպուլիստական հաղորդակցության հռետորական զինանոցը լայն է։ Այն ներառում է ad hominem արգումենտը՝ հռետորական հարձակում անձի վրա՝ նրա փաստարկի փոխարեն։ Այն ներառում է այսպես կոչված «չամիչներ ջոկելը» (cherry-picking)՝ տեղեկատվության նպատակաուղղված ընտրություն, որը կտրվում է իր համատեքստից՝ նախապես որոշված եզրակացությունը հիմնավորելու համար։ Եվ այն ներառում է այն, ինչ հաղորդակցության մասնագետներն անվանում են «հաշվարկված երկիմաստություն». ռազմավարություն, որի դեպքում խոսնակներն ի նկատի ունեն այլ բան, քան բառացիորեն ասում են, որպեսզի միաժամանակ գրավեն տարբեր համոզմունքներ ունեցող ընտրողներին և քողարկեն ասվածի պատասխանատվությունը։ Պոպուլիզմը հատկապես խնդրահարույց է դառնում այնտեղ, որտեղ այն ոչ միայն պարզեցնում է, այլև ակտիվորեն հրահրում և մեկուսացնում է մարդկանց։ Երբ կարծես ի սկզբանե պարզ է, թե ինչ է ուզում ժողովուրդը և որ փոքրամասնությունները պետք է դուրս մղվեն, դա երկարաժամկետ հեռանկարում նպաստում է քաղաքական համակարգի բևեռացմանն ու ապակայունացմանը։
2.2 Ապատեղեկատվությունը որպես զենք. հինգ մեխանիզմ
Բացի պոպուլիստական հռետորաբանությունից, ժամանակակից ապատեղեկատվական արշավներն օգտագործում են հինգ կոնկրետ մեխանիզմ, որոնք գնալով ավելի են կատարելագործվում։ Լոնդոնի Ռազմավարական երկխոսության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար Սեսիլ Սիմոնսը փաստագրել է, որ նման արշավները հատկապես համընկնում են նախընտրական շրջանների հետ, «որոնք իդեալական ժամանակ են ընտրական վարքագծի վրա ազդելու և ժողովրդավարական գործընթացները խաթարելու համար»։
- Առաջին՝ ԱԲ–ի աջակցությամբ խաբեություն։ Արհեստական բանականությունն այսօր թույլ է տալիս ստեղծել քաղաքական գործիչների լուսանկարչական ճշգրտությամբ պատկերներ, աուդիո ձայնագրություններ և տեսանյութեր, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Այսպես կոչված դիփֆեյքերը (Deepfakes) դարձել են քաղաքական իրականություն։ Քաղաքական գործչի աուդիո ձայնագրությունը կարող է կեղծվել րոպեների ընթացքում. իսկ համոզիչ պատկերը կարող է գեներացվել վայրկյանների ընթացքում։ Ապատեղեկատվության արտադրության տեխնիկական խոչընդոտը կտրուկ նվազել է։
- Երկրորդ՝ Ինստիտուցիոնալ անվստահություն սերմանող նարատիվներ։ Ապատեղեկատվական արշավները հաճախ օգտագործում են պատմույթներ, որոնք ուղղակիորեն չեն ստում, բայց խարխլում են վստահությունը ինստիտուտների նկատմամբ՝ ընտրական մարմինների, դատարանների, եկեղեցիների, անկախ լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների։ Երբ քաղաքացիներն այլևս չեն վստահում որևէ ինստիտուտի, նրանք լիովին կախվածության մեջ են ընկնում այն քարոզչից, ով իրեն ներկայացնում է որպես միակ ազնիվ ձայն։
- Երրորդ՝ Կեղծ պնդումներ քաղաքական հակառակորդի մասին։ Հակառակորդին վերագրվում են դիրքորոշումներ, որոնք նա երբեք չի պաշտպանել, միջոցառումներ, որոնք երբեք չի առաջարկել, հայտարարություններ, որոնք երբեք չի արել։ Օրինական քննադատության և կանխամտածված կեղծիքի միջև սահմանն այստեղ համակարգված կերպով խախտվում է։
- Չորրորդ՝ Ինֆլյուենսերների միջոցով կարծիքի մանիպուլյացիա։ Սոցիալական մեդիայի մեծ լսարան ունեցող անձինք կարող են ծառայել որպես քաղաքական ապատեղեկատվության վեկտորներ։ Նրանց թվացյալ իսկությունը և իրենց հետևորդների հետ մտերմությունը նրանց հաղորդակցությունը դարձնում են հատկապես ազդեցիկ։ Հատկապես երիտասարդ ընտրողներին հասնում են այնպիսի ալիքների միջոցով, որոնք շրջանցում են դասական լրագրողական վերահսկողությունը։
- Հինգերորդ՝ Կեղծ դրոշի ներքո (False-Flag) գործողություններ։ Հակաժողովրդավարական բովանդակությունը տարածվում է ժողովրդավարական կամ հայրենասիրական ինքնության քողի տակ։ Կեղծ լուրերի կայքերը կրկնօրինակում են հեղինակավոր լրատվամիջոցների դիզայնը։ Ծայրահեղական օրակարգ ունեցող էջերն իրենց ներկայացնում են որպես ազգային արժեքների պաշտպաններ։
2.3 Ֆրեյմինգ
Այս կոնկրետ մեխանիզմների տակ և հետևում ընկած է ավելի խորը ֆենոմեն՝ ֆրեյմինգը (իմաստային ուղղորդում)։ Յուրաքանչյուր բառ, որը մենք օգտագործում ենք, կրում է ճանաչողական «շրջանակ» (ֆրեյմ)՝ ասոցիացիաների, հիշողությունների, հույզերի և արժեքների բարդ ցանց, որն ավտոմատ կերպով ակտիվանում է ունկնդրի ուղեղում, հենց որ բառը լսվում կամ կարդացվում է։ Սա գիտակցված գործընթաց չէ. այն հնարավոր չէ կամովին կանխել։ Ֆրեյմն ակտիվանում է ավտոմատ կերպով։ Երբ քաղաքական գործիչը խոսում է «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱԼԻՔԻ» մասին, ունկնդրի ուղեղն այն չի ընկալում որպես բնակչության տեղաշարժի մասին չեզոք տեղեկատվություն։ «Ալիք» բառն արթնացնում է ճնշող ուժի, անվերահսկելիության և սպառնալիքի ասոցիացիաներ։ Այս ասոցիացիաներն ավտոմատ կերպով կապվում են «փախչող մարդիկ» հասկացության հետ՝ առանց որ խոսնակն անհրաժեշտություն ունենա սպառնալիքը հստակ նշելու։ Լեզվաբանության դասախոս Ուտե Հոֆմանը դա ճշգրտորեն ձևակերպում է. «Ոչ ոք չի կարող պաշտպանվել ֆրեյմներից. դրանք ավտոմատ կերպով ակտիվանում են, հենց որ մենք լսում կամ կարդում ենք որոշակի բառեր»։
Հայաստանի քաղաքական համատեքստում այս մեխանիզմը գործում է նույն արդյունավետությամբ։ Այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են՝ «հայրենիքի դավաճան», «օտարերկրյա ուժերի գործակալ», «ազգի թշնամի», «կոլաբորացիոնիստ» – երբ այս պիտակները փակցվում են քննադատող ձայնին, շրջանակն արդեն դրված է։ Հետագա ապացույցների կարիք չկա։ Պիտակն ինքնին անում է իր գործը։ Եվ քանի որ կրկնությունը նեյրոնային կապերն ամրապնդում է, ճշմարիտ է այն, որ որքան հաճախ է կրկնվում կեղծ պիտակը, այնքան ավելի հաստատուն է այն արմատավորվում հավաքական գիտակցության մեջ։ Դրա համար էլ փաստերի զուտ ուղղումը բավարար չէ լավ մշակված ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Ֆրեյմի դեմ պայքարելը այն կրկնելով՝ նույնիսկ ժխտելու նպատակով՝ միայն ուժեղացնում է այն։
2.4 Լեզուն որպես կառուցվածքային իշխանություն
Քաղաքական լեզվաբան Յոզեֆ Կլայնը վերլուծել է, թե ինչպես է լեզուն քաղաքական կյանքում հանդես գալիս որպես կառուցվածքային և գործառնական իշխանություն։ Կառուցվածքային իշխանությունը նշանակում է, որ այն կատեգորիաները, որոնցով մենք մտածում ենք՝ մեզ հասանելի հասկացությունները, փոխաբերությունները, որոնց միջոցով մենք ընկալում ենք քաղաքական իրականությունը՝ արդեն իսկ նախապես կառուցվածքավորում են այն, ինչը մենք ի վիճակի ենք ընկալելու։ Գործառնական իշխանությունը ենթադրում է լեզվի ռազմավարական կիրառում՝ քաղաքական իշխանություն ձեռք բերելու, պաշտպանելու կամ գործադրելու համար։
Ժողովրդավարություններում քաղաքական լեզվի գերակշռող ռեժիմը համոզողական է. փորձ է արվում համոզել քաղաքացիներին փաստարկների, նարատիվների և զգացմունքային կոչերի միջոցով։ Բայց ժողովրդավարական քաղաքական լեզուն նույնպես ենթարկվում է էթիկական չափանիշների. այն պետք է լինի ճշմարտացի, հիմնավորված, տեղին և հստակ։ Երբ այս չափանիշները համակարգված կերպով խախտվում են, վնասվում է ժողովրդավարության հաղորդակցական հիմքը։ Ավտորիտար համատեքստերում, հակառակը, գերակշռում է հրամայական ռեժիմը։ Այն, ինչ Կլայնը նկատում է բռնապետություններում լեզվի մասին, ուղղակիորեն վերաբերում է կեղծ ժողովրդավարական քաղաքականությանը. իշխող բառապաշարը դառնում է «կարիերայի համար թույլտվության չափանիշ»՝ օրինական հանրային դիսկուրսին պատկանելու չափանիշ։ Ով չի խոսում հաստատված լեզվով, բացառվում է օրինական դիսկուրսից։ Լեզվական մեկուսացման այս մեխանիզմը կարելի է ճանաչել հայաստանյան քաղաքական դիսկուրսում. այն ձայները, որոնք չեն տեղավորվում գերիշխող ազգայնական խոսույթի մեջ, պիտակավորվում են որպես «դրսից կառավարվող», «հակահայկական» կամ «թշնամամետ»։ Պիտակը փոխարինում է փաստարկին։ Բանավեճն ավարտվում է նախքան սկսվելը։
III. Աստվածաբանական գնահատական.
3.1 Լոգոսը
Հովհաննեսի Ավետարանի սկզբում կա մի նախադասություն, որն ավելի խորն է ձևավորել քրիստոնեական մարդաբանությունը, քան գրեթե ցանկացած այլ բան. «Սկզբում էր Բանը» (Հովհ. 1:1)։ Հունարեն «Լոգոս» եզրույթը՝ հայերեն «Բան»-ը, միաժամանակ խոսք է, բանականություն, իմաստ և արարչագործ զորություն։ Հայ աստվածաբանական ավանդության մեջ «Բանը» կրում է այս բոլոր իմաստային նրբերանգները՝ Աստծո խոսքը, որը գոյության է կոչում արարչագործությունը. իրականության բանական կառուցվածքը. մարդու հաղորդակցական էությունը, որն ստեղծված է Աստծո պատկերով։ Այս աստվածաբանական հիմքը հեռուն գնացող հետևանքներ ունի քաղաքական լեզվի էթիկայի համար։ Եթե մարդը ստեղծված է այն Աստծո պատկերով, որը Լոգոսն է՝ ճշմարտախոս, իմաստավորող Խոսքը, ապա ճշմարտացի խոսելու ունակությունը լոկ հասարակական պայմանավորվածություն չէ, այլ մարդու մեջ Աստծո պատկերի դրսևորում։ Այդ դեպքում հանրային դիսկուրսի գիտակցված ապականումը ստի, զրպարտության և մանիպուլյացիայի միջոցով միայն քաղաքական խնդիր չէ, այլ հարձակում է Imago Dei-ի (Աստծո պատկերի) վրա։
3.2 Իններորդ պատվիրան
Սուտ վկայության դեմ Տասնաբանյայի իններորդ պատվիրանը՝ «Քո մերձավորի դեմ սուտ վկայություն մի տուր» (Ելք 20:16), հաճախ նեղ իմաստով ընկալվում է որպես դատավարություններում սուտ երդման արգելք։ Սակայն դրա ընդգրկումը շատ ավելի լայն է։ Հայրաբանական մեկնաբաններն այս հասկացության տակ տեսնում են մերձավորին խոսքով վնասելու բոլոր ձևերը՝ սուտ, զրպարտություն, բամբասանք և ուրիշների խոսքերի ու մտադրությունների նպատակաուղղված աղավաղում։
Ստի մասին խոսում են հայ եկեղեցու հայրերը: Եզնիկ Կողբացին, իր «Եղծ աղանդոց» (Աղանդների հերքումը) հանրահայտ երկում քննարկում է չարիքի, ստի և մոլորությունների ծագումը։ Վարդան Այգեկցին, իր քարոզներում և առակներում խստորեն դատապարտում է մարդկային արատները, հատկապես ստախոսությունը, կեղծավորությունը և շողոքորթությունը։ Հովհաննես Երզնկացին և շատ ուրիշներ, իրենց խրատական ճառերում և հասարակությանն ուղղված կանոններում անդրադառնում են խոսքի մաքրությանը, կոչ անելով հեռու մնալ ստից ու դատարկախոսությունից։
Ստի մասին խոսում են նաև տիեզերական հայրերը: Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը օրինակ, հանգամանորեն գրել է լեզվի կործանարար զորության մասին։ Ոսկեբերանի համար բառացի բռնությունն իսկական բռնության ձև է. այն վիրավորում է, նսեմացնում և կարող է քանդել մարդկային կյանքն այնպես արդյունավետ, որքան ֆիզիկական ուժը։ Զրպարտողը, գրում է նա, ավելի վատն է մարդասպանից. մարդասպանը ոչնչացնում է միայն մարմինը, զրպարտողը ոչնչացնում է հեղինակությունը, արժանապատվությունը և սոցիալական մասնակցության կարողությունը։
Թովմա Աքվինացին իր «Աստվածաբանության հանրագումարում» խնամքով տարբերակում է detractio-ն՝ անարդար հարձակումը մեկ այլ անձի բարի համբավի վրա, և calumnia-ն՝ կեղծ մեղադրանքը, որով ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում այն բանի համար, ինչը նա չի արել։ Երկուսն էլ փոխանակային արդարադատության խախտումներ են և, որտեղ հնարավոր է, պահանջում են փոխհատուցում։ Ով կեղծ մեղադրանքներով վնասել է որևէ մեկին, նրանից խլել է ինչ-որ բան՝ նրա բարի անունը, սոցիալական վստահությունը, հանրային կյանքին մասնակցելու կարողությունը, և բարոյապես պարտավոր է վերադարձնել գողացվածը։
Վերոհիշյալը աբստրակտ սխոլաստիկ աստվածաբանություն չէ։ Այն ճշգրտորեն նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ քաղաքական գործիչը, լրատվամիջոցը կամ կազմակերպված ցանցը ապատեղեկատվության միջոցով համակարգված կերպով ոչնչացնում է մասնավոր անձի, քահանայի կամ ընդդիմախոսի հեղինակությունը։ Սուտը սպանության մի ձև է, նա իրական բաներ է ոչնչացվում։ Ուստի և ստախոսը թե բարոյական և թե իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի։
3.3 Ճշմարտությունը որպես Աստծո անուն
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6)։ Հիսուս Քրիստոս պարզապես չի պաշտպանում ճշմարտությունը կամ երաշխավորում ճշմարտացիությունը որպես առաքինություն։ Նա նույնանում է ճշմարտության հետ։ Արևելյան ուղղափառ ավանդության մեջ այս նույնականացումն ընդունվում է ամենայն աստվածաբանական լրջությամբ. աստվածային բնույթը ճշմարտությունն է. մարդը, որը ստեղծվել է որպես Աստծո պատկեր, կառուցվածքային կապ ունի կատարյալ ճշմարտության հետ. իսկ սատանան Հովհաննեսի Ավետարանում (8:44) կոչվում է «ստախոս և ստի հայր»։ Դա նշանակում է, որ սուտը պարզապես ճանաչողական մոլորություն կամ սոցիալական զանցանք չէ։ Այն իր ամենախոր էությամբ Արարչի դեմ ապստամբության ակտ է՝ մասնակցություն կործանման, այլ ոչ թե կյանքի ոգուն։ Սուտը դատապարտելի է իր ողջ էությամբ։ Այն խոսքի չարաշահում է, ճշմարտության աղավաղում: Երբ ստերը համակարգված, կազմակերպված կերպով և որպես քաղաքական զենք կիրառվում են ամբողջ բնակչության դեմ, դրանց բարոյական վնասակար հետևանքները հասնում են առավելագույնին։
3.4 Հանրային բարօրություն և խիղճ
Քրիստոնեական սոցիալական ուսմունքը քաղաքական էթիկան հիմնում է երկու առանցքային հասկացությունների վրա՝ հանրային բարօրություն և խիղճ։ Երկուսն էլ անմիջականորեն վտանգված են համակարգված քաղաքական ապատեղեկատվության կողմից։ Հանրային բարօրությունը, այսինքն` հասարակական այն պայմանների ամբողջությունը, որը թույլ է տալիս մարդկանց հասնել իրենց, որպես անձերի, լիարժեք զարգացմանը, ենթադրում է վստահելի տեղեկատվական միջավայր։ Քաղաքացիները չեն կարող նպաստել հանրային բարօրությանը, եթե նրանց համակարգված կերպով տրամադրվում է իրականության խեղաթյուրված պատկերը։ Ապատեղեկացված ժողովրդավարությունն այն ժողովրդավարությունն է, որը չի կարող գործել որպես ժողովրդավարություն։
Խիղճը՝ ընկալված ոչ թե որպես սուբյեկտիվ նախասիրություն, այլ որպես բարոյական ճշմարտությունը տարբերակելու մարդկային ունակություն և պատասխանատվություն, պահանջում է ճշգրիտ տեղեկատվություն իր գործառույթն իրականացնելու համար։ Երբ մարդիկ նպատակաուղղված կերպով մոլորության մեջ են գցվում, խախտվում է նրանց խղճի ազատությունը. նրանք մղվում են այնպիսի դիրքորոշումների, որոնք իրենք ազատորեն չէին ընտրի, եթե ունենային ճշգրիտ տեղեկատվություն։ Մանիպուլյատորը քաղաքացուն վերաբերվում է ոչ թե որպես բարոյական սուբյեկտի, ով արժանի է ճշմարտության, այլ որպես օբյեկտի, որը պետք է կառավարվի։
- Կոնկրետ վնասներ.
4.1 Լռեցման մեքենան
Ապատեղեկատվական արշավների զոհերը միայն բարձրաստիճան քաղաքական գործիչներ կամ հայտնի հանրային դեմքեր չեն։ Քաղաքական մանիպուլյացիայի մեքենան ներթափանցում է քաղաքացիական հասարակություն, կրոնական համայնքներ, ակադեմիական դիսկուրս՝ և լռեցնում հենց այն ձայներին, որոնց ամենաշատն է անհրաժեշտություն զգացվում՝ անկախ բարոյական վկաներին, ովքեր չեն հետապնդում որևէ քաղաքական օրակարգ, բայց համարձակվում են դիտարկել և բարձրաձայնել այն խնդիրները, որոնք տեսանելի են իրենց համար։
Օրինաչափությունը կանխատեսելի է։ Քահանա, գիտնական, լրագրող, համայնքի ղեկավար՝ որևէ մեկը, ով չունի քաղաքական հավակնություն, բայց ունի հարթակ և բարոյական ձայն, կարծիք է հայտնում քաղաքականապես զգայուն թեմայի շուրջ։ Գուցե նա քննադատում է որևէ քաղաքական միջոցառում, գուցե կասկածի տակ է դնում մի նարատիվ, գուցե պաշտպանում է մի խմբի, որը հարձակման է ենթարկվում։ Ժամերի կամ օրերի ընթացքում մեքենան ակտիվանում է։ Նախ` գալիս են առցանց հարձակումները՝ համակարգված բացասական մեկնաբանություններ, կողմնակալության մեղադրանքներ, թաքնված շարժառիթների վերագրումներ։ Ապա հաջորդում են վերաձևակերպումները. կարծիքը զրկվում է իր համատեքստից, ամենասադրիչ ձևակերպումն առանձնացվում և ուժեղացվում է, իրական մեջբերումների կողքին հայտնվում են կեղծվածները։ Այնուհետև գալիս են պիտակները՝ «թշնամական գործակալ», «հայրենիքի դավաճան», «օտարերկրյա գործիք»։ Սկզբնական խոսքի բուն բովանդակությունն այս փուլում այլևս կարևոր չէ։ Շրջանակը դրված է։ Անձը սահմանված է։
Զոհը կանգնում է անլուծելի ընտրության առաջ։ Պատասխանել նշանակում է ավելի շատ թթվածին տալ հարձակումների կրակին, հայտնվել պաշտպանվողի դերում, թույլ տալ հարձակվողներին թելադրել օրակարգը։ Լռել նշանակում է թույլ տալ, որ կեղծ տարբերակը դառնա ստանդարտ։ Ցանկացած դեպքում զգալի էներգիա՝ հուզական, ինտելեկտուալ, հոգևոր, սպառվում է հարձակման դեմ պայքարելու վրա, փոխանակ շարունակելու այն աշխատանքը, որն առաջացրել է այն։
4.2 Անձնական վկայություն կամ հոգևոր հովվի ձայնը թիրախում
Գրում եմ անձնական փորձից ելնելով։ Որպես քահանա, ով հոգևոր ծառայություն է մատուցում Գերմանիայի հայկական սփյուռքի համայնքներից մեկում և կապեր է պահպանում Հայաստանի և հայոց աշխարհի եկեղեցական կյանքի հետ, ես զգացել եմ, որ հովվական և աստվածաբանական կարծիքների արտահայտումը՝ կարծիքներ, որոնք ծնվել են ոչ թե քաղաքական այս կամ այն կուսակցության համակրանքից, այլ խղճից և իմ եկեղեցու ավանդությունից, կարող է առաջացնել համակարգված բացասական արձագանք։ Ես չեմ քարոզել որևէ քաղաքական կուսակցության համար։ Ես չեմ ձգտել քաղաքական իշխանության։ Ես պարզապես փորձել եմ կատարել այն մարգարեական գործառույթը, որը պատկանում է հովվական պաշտոնին. խոսել բարոյական ճշմարտությունների մասին, մատնանշել անարդարությունը, իշխանավորներից հաշվետվություն պահանջել Աստծո և իրենց իսկ ժողովրդի առաջ գործած անարդարությունների համար։ Պարզվեց, որ դա, ըստ երևույթին, բավականաչափ սպառնալից է, լուսանցքայնացման (մարգինալացման) համակարգված փորձեր հրահրելու համար, անգամ եթե գրառումներս իմ անձնական ֆեյսբուքյան էջում եմ կատարել։ Այս փորձառությունը միայն ինձ չի վերաբերում։ Այն արտացոլում է մի օրինաչափություն, որը նկատելի է հայկական աշխարհում. անկախ կրոնական ձայները, հատկապես նրանք, որոնք ամբողջությամբ չեն համընկնում որոշակի քաղաքական խմբակցության նարատիվի հետ, նպատակաուղղված կերպով մարգինալացվում են։ Ուղերձը պարզ է. հարմարվիր կամ լռիր։ Անկախ բարոյական ձայների այս ահաբեկումն աղքատացնում է հանրային դիսկուրսը և դաշտը զիջում նրանց, ովքեր խղճի խայթ չունեն պրոպագանդիստական մեքենան կառավարելու։
4.3 Հասարակական բևեռացում
Հետևանքները շատ ավելի հեռուն են գնում, քան առանձին դեպքերը։ Երբ հասարակության տեղեկատվական միջավայրը համակարգված կերպով ապականվում է՝ երբ քաղաքացիներն այլևս չեն կարողանում վստահելի կերպով տարբերակել ճշմարիտը կեղծից, իսկականը շինծուից՝ սոցիալական հյուսվածքը սկսում է պատռվել։ Հայ հասարակությունը, թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, խորապես տուժել է այս բևեռացումից։ 2020 թվականի վերքերն իրական են և շահագործվեցին լրատվամիջոցներին հասանելիություն ունեցող բոլոր քաղաքական դերակատարների կողմից։ Հայերը, ովքեր պետք է համերաշխության մեջ համախմբվեին, գտնվում են դառը պայքարի մեջ. ոչ թե արժեքային իրական տարբերությունների և շահերի բախումների շուրջ, որոնք օրինաչափ կլինեին առողջ ժողովրդավարության պայմաններում, այլ կառուցված արհեստական իրականությունների շուրջ։ Մարդիկ կռվում են բաների համար, որոնք տեղի չեն ունեցել։ Նրանք պաշտպանում են քաղաքական գործիչներին, ովքեր ստել են իրենց։ Նրանք դատապարտում կամ լռեցնում են այն ձայներին, որոնք ճշմարտությունն են ասել։
4.4 Վստահության խարխլում
Թերևս համակարգված ապատեղեկատվության ամենախոր վնասը հիմնարար վստահության խարխլումն է, ինչն առհասարակ հնարավոր է դարձնում սոցիալական կյանքը։ Սոցիոլոգ Նիկլաս Լումանը վստահությունը բնութագրել է որպես հիմնարար մեխանիզմ, որի միջոցով բարդ հասարակությունները նվազեցնում են անորոշությունը. մենք չենք կարող անձամբ ստուգել մեզ հասնող յուրաքանչյուր տեղեկատվություն. հետևաբար, մենք զարգացնում ենք վստահության համակարգեր՝ ինստիտուտների, ընթացակարգերի, անձանց նկատմամբ, որոնք թույլ են տալիս մեզ նավարկել տեղեկատվությամբ գերհագեցած աշխարհում։ Երբ վստահությունը նպատակաուղղված կերպով ոչնչացվում է, երբ ստերն օգտագործվում են ոչ միայն նարատիվն առաջ մղելու, այլև տեղեկատվության բոլոր վստահելի աղբյուրները ոչնչացնելու համար, ապա ծագում է այն, ինչը Հաննա Արենդտն անվանել է «ընդհանուր աշխարհի ոչնչացում»։ Նման միջավայրում հաղթում է ամենաբարձր գոռացող ձայնը, այլ ոչ թե ամենաճշմարտացին։ Եվ ամենաբարձր ձայնը պատկանում է նրանց, ովքեր վերահսկում են ապատեղեկատվության ամենաշատ ռեսուրսները, ամենամեծ հարթակներն ու ամենահամակարգված ցանցերը։ Սա է կատարելագործված ապատեղեկատվության նպատակը. ոչ թե համոզելը, այլ համոզելու հնարավորությունը ոչնչացնելը։ Ոչ թե բանավեճը շահելը, այլ բանավեճն անհնար դարձնելը։
- Գործնական մեդիագրագիտություն
5.1 Հոգիների զանազանումը որպես հոգևոր առաքինություն
Քրիստոնեական ավանդությունն ունի հարուստ ռեսուրս հաղթահարելու համար այն մարտահրավերը, որը ներկայացնում է ժամանակակից ապատեղեկատվությունը. «դիակրիսիսի» (diakrisis) պրակտիկան՝ հոգիների զանազանումը։ Սուրբ Հովհաննես Առաքյալը հորդորում է. «Մի՛ հավատացեք ամեն հոգու, այլ քննեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են» (Ա Հովհ. 4:1)։ Քննելու, տարբերակելու, յուրաքանչյուր պնդման անքննադատաբար չհավատալու այս կոչը լոկ հոգևոր վարժություն չէ. այն ճանաչողական կարգապահություն է, որը մեդիագրագիտությանը տալիս է աստվածաբանական հիմք։ Տեղեկատվության քննադատական գնահատումը հավատքի թուլության կամ հայրենասիրության պակասի նշան չէ։ Դա բարոյական պարտք է՝ ճշմարտության հանդեպ պատասխանատվության մի ձև։ Դատողություն ձևավորելու ունակությունը զուտ ակադեմիական հմտություն չէ, այլ մարդկային և քրիստոնեական հասունության ձեռքբերում է, որի համար եկեղեցին, դպրոցը և ընտանիքը կրում են համատեղ պատասխանատվություն։
5.2 Հինգ ստուգողական հարց նախքան
լուրերին հավատալն ու տարածելը
Ստորև առաջարկում եմ հինգ հարց, որպես գործնական ուղեցույց Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են կողմնորոշվել քաղաքական տեղեկատվական դաշտում, հատկապես ընտրությունների ժամանակ.
- Հարց Ա. Ո՞Վ է դա ասում և ԻՆՉՈ՞Ւ։ Յուրաքանչյուր տեղեկատվություն ունի աղբյուր։ Ո՞վ է հեղինակը, լրատվամիջոցը, այն անձը, ով կիսվում է այս տեղեկատվությամբ։ Ի՞նչ շահերի է դա ծառայում։ Ունի՞ արդյոք այս աղբյուրը ճշգրտության և սխալների ուղղման ապացուցելի պատմություն։ Անանունությունը կամ կասկածելի ծագումը առաջին նախազգուշացնող ազդանշանն է։
- Հարց Բ. Ե՞ՐԲ է դա հրապարակվել։ Լուսանկարները, տեսահոլովակները և մեջբերումները հաճախ կտրվում են իրենց սկզբնական ժամանակային համատեքստից։ Մեկ այլ տարվա լուսանկար, մեկ այլ համատեքստից մեջբերում՝ սրանք ապատեղեկատվության ամենատարածված գործիքներն են։ Միշտ ստուգեք ամսաթիվը։
- Հարց Գ. Արդյո՞ք դա հաստատվում է ԱՆԿԱԽ աղբյուրների կողմից։ Մի պնդում, որը հայտնվում է միայն մեկ աղբյուրում, արժանի է հատուկ թերահավատության։ Նույն պնդման չստուգված կրկնությունն ու տարածումը հաստատում չէ։ Միայն այն դեպքում, երբ երեք իսկապես անկախ աղբյուրներ՝ առանց ընդհանուր սեփականատիրոջ, առանց ընդհանուր քաղաքական լոյալության, հաստատում են պնդումը, այն կարող է արժանահավատ լինել։
- Հարց Դ. Ի՞նչ ՀՈՒԶԱԿԱՆ ազդեցություն ունի այս տեղեկատվությունը։ Ապատեղեկատվությունը նպատակաուղղված է ուժեղ զգացմունքային արձագանքներ առաջացնելուն՝ զայրույթ, զզվանք, վախ, ոգևորություն։ Եթե տեղեկատվությունն առաջացնում է բուռն հուզական արձագանք, դա կանգ առնելու ազդանշան է, այլ ոչ թե այն տարածելու։ Սպասեք մի օր։ Հույզի ուժգնությունը ապացույց չէ այն պնդման ճշմարտացիության, որը դա առաջացրել է։
- Հարց Ե. Արդյո՞ք տեսնում եմ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ։ Մեջբերումներ առանց համատեքստի, պատկերներ, որոնք այնպես են կտրված, որ թաքցնում են իրենց միջավայրը, վիճակագրություններ առանց հիմնական խորքային մեծության՝ սրանք առանց տեխնիկական ստի մոլորեցնելու ամենատարածված գործիքներն են։ Միշտ հարցրեք. Ի՞նչ իրականություն կա, որ ես չգիտեմ, չեմ հասկանում, չեմ տեսնում։
5.3 Համայնքը որպես պաշտպանություն,
կրթությունն ու հոգևոր խնամքը որպես հիմք
Ոչ մի անհատ իմունիտետ չունի մանիպուլյացիայից. հետազոտությունները հետևողականորեն ցույց են տալիս, որ ինտելեկտն ու կրթության մակարդակը չեն պաշտպանում մոտիվացված մտածողությունից և հաստատման կողմնակալությունից։ Սակայն համայնքն ապահովում է որոշակի պաշտպանություն։ Նախքան տարածելը, քննարկեք տեղեկատվությունը վստահելի մարդկանց հետ։ Փնտրեք այլ տեսակետ ունեցող մարդկանց և խնդրեք նրանց ստուգել ձեր սեփական եզրակացությունները։ Իրական երկխոսության կարգապահությունը, էխո-խցիկի փոխարեն, պաշտպանություն է այն մանիպուլյացիայի դեմ, որը մեզ մեկուսացնում է հարմարավետ համոզվածության մեջ։ Եկեղեցական համայնքն այստեղ ունի հատուկ պատասխանատվություն և հնարավորություն։ Հոգևոր խնամքի շրջանակներում կարելի է կառուցել քննադատական գնահատման, էպիստեմոլոգիական (իմացաբանական) համեստության և դիմացինի հետ իրական հանդիպման ու շփումների սովորույթներ։ Սա քաղաքական ինդոկտրինացիա չէ, այլ այնպիսի քաղաքացիների ձևավորում է, ովքեր կարող են ինքնուրույն մտածել ու որոշումներ կայացնել։
- Ի պաշտպանություն բարոյական չափանիշների
6.1 Քաղաքական դերակատարներին
Դիմում եմ նրանց, ովքեր քաղաքական իշխանություն են գործադրում կամ ձգտում են դրան Հայաստանում և հայկական Սփյուռքում։ Ես դիմում եմ նրանց ոչ թե որպես քաղաքական ընդդիմախոս, այլ որպես հոգևոր հովիվ, որի սիրտը ցավում է նրանց և այն մարդկանց հոգիների համար, ում վրա նրանք ազդեցություն ունեն։ Ապատեղեկատվություն կիրառելու, արատավորող արշավներ վարելու և քննադատող ձայները զրպարտությամբ լռեցնելու գայթակղությունն իրական է։ Այն գործում է կարճաժամկետ հեռանկարում։ Այն կարող է ընտրություններ շահել։ Բայց այն կործանում է հենց այն, ինչը քաղաքականությունը կոչված է պաշտպանելու. հանրության՝ իրական ինքնակառավարման կարողությունը։ Հանուն հաղթանակի կիրառված յուրաքանչյուր սուտ հաջորդ ընտրությունն ավելի կոռումպացված է դարձնում, քաղաքական գործիչների հաջորդ սերնդին՝ ավելի պակաս ընդունակ ազնվության, իսկ հաջորդ ճգնաժամը՝ ավելի դժվար հաղթահարելի։
Հաղորդակցության բարոյականությունը սահմանում է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի քաղաքական խոսքը ժողովրդավարությանը ծառայելու համար: Այն պետք է լինի բովանդակալից, ճշմարտացի, հիմնավորված և կենտրոնացած էականի վրա։ Սրանք իդեալիստական պահանջներ չեն։ Սրանք քաղաքական հաղորդակցության նվազագույն պայմաններն են, որոնք հարգում են քաղաքացիներին որպես բանական գործող սուբյեկտների՝ նրանց որպես օբյեկտ մանիպուլյացիայի ենթարկելու փոխարեն։ Ես կոչ եմ անում հայ միջավայրի յուրաքանչյուր քաղաքական դերակատարի հրապարակայնորեն հավատարիմ մնալ այս չափանիշներին. վարել նախընտրական արշավներ առանց կեղծ մեղադրանքների, ուղղել սխալները, երբ դրանք ի հայտ են գալիս, տարբերակել քաղաքական տարաձայնությունը անձնական վարկաբեկումից և պահպանել այն միջավայրը, որտեղ անկախ ձայները կարող են խոսել առանց վախի։
6.2 Լրատվամիջոցներին
Ազատ մամուլը ժողովրդավարական ամենաարժեքավոր ինստիտուտներից է։ Սակայն ազատությունն առանց պատասխանատվության վերածվում է կործանման գործիքի։ Ես կոչ եմ անում հայկական լրատվամիջոցներին՝ տպագիր, առցանց և սոցիալական ցանցերում, լրջությամբ վերաբերվել հանրային տեղեկատվական տարածքի պահապանի իրենց կարևորագույն դերին։
Նախքան հրապարակումը փաստերի ստուգման սկզբունքը կամայական հավելում չէ։ Դա բարոյականության ու պատասխանատվության նվազագույն պահանջն է։ Եթե անձի վերաբերյալ արվում է պնդում, որը կարող է վնասել նրա հեղինակությանը, ապա անկախ ստուգում անցկացնելու խմբագրական պարտավորությունը բացարձակ կարևորություն ունի։ Լրագրողները պետք է գիտակցեն իմաստային ուղղորդման (ֆրեյմինգի) ազդեցության մասին. բառերի ընտրությունը ձևավորում է ընկալում։ Լեզուն ճշգրիտ և թափանցիկ կիրառելու պատասխանատվությունը լրագրողական հիմնարար էթիկայի մասն է կազմում, խնդրեմ, սա մի մոռացեք։
6.3 Եկեղեցական ու հոգևոր իմ եղբայրներին
Եկեղեցին՝ հայոց աշխարհում իր բոլոր դրսևորումներով, կրում է մարգարեական պատասխանատվություն, որն այն չի կարող մի կողմ դնել՝ առանց դավաճանելու իր Տիրոջը։ Մարգարեն որևէ կուսակցության կողմնակից չէ. մարգարեն ճշմարտությունն ասում է իշխանությանը՝ անկախ նրանից, թե որ իշխանությանն է դա վերաբերում։ Եթե եկեղեցին որպես կառույց, կամ հոգևոր դասի ներկայացուցիչները, որպես անհատներ, իրենց թույլ տան դաշնակցել որևէ քաղաքական խմբակցության հետ, օգտագործելով չստուգված տեղեկատվությունը, ապա նրանք կդառնան ապատեղեկատվության գործիքներ տվյալ քաղաքական ուժի ձեռքում, վերածվելով հենց այն ապականության գործիքի, որին կոչված են դիմակայել։
Ես կոչ եմ անում իմ հոգևոր եղբայրներին, խնդրելով կոչս մեծամտություն չհամարել, հետևել Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհուրդի մշտական հորդորներին, ըստ որոնց եկեղեցու հայրերը նաև մի քանի օր առաջ ասում են.
«Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը» (19. Մայիս 2026)։
Սա հոգևորականաց համար նշանակում է վերագտնել, վերաիմաստավորել մարգարեական ձայնը, նաև հրապարակայնորեն խոսել ապատեղեկատվության բարոյական ճգնաժամի մասին, հրաժարվել քաղաքական դերակատարների կողմից որպես գործիք օգտագործվելուց, կանգնել նրանց կողքին, ում լռեցնում են հանուն ճշմարտության, և համայնքներում մշակել իրերը ճիշտ զանազանելու, անկեղծ երկխոսության և բարոյական քաղաքացիական արիության, հանդուրժողականության, եղբայրասիրության սովորույթներ։
6.4 Դրական տեսլական. քաղաքականությունը որպես ծառայություն
Հիսուս Քրիստոս ասաց իր աշակերտներին, ովքեր իշխանության էին ձգտում. «Ձեզանից նա, ով կուզի մեծ լինել, թող ձեր ծառան լինի» (Մատթ. 20:26): Սա ոչ միայն անձնական խոնարհության դաս է, այլ նաև քաղաքական կարգի տեսլական՝ ով իշխանություն ունի, պետք է այն ընկալի որպես ծառայություն։ Իշխանությունը տրված է ոչ թե ինքնամեծարման, այլ հանրությանը ծառայելու համար։
Քաղաքականության այս տեսլականը որպես ծառայություն՝ ծառայություն մերձավորին և հանրային բարօրությանը, տրամագծորեն հակասում է մանիպուլյացիոն քաղաքականությանը։ Մանիպուլյատորը քաղաքացիներին վերաբերվում է որպես իշխանության հասնելու կամ այն ապահովելու միջոցի։ Ծառայող առաջնորդն իշխանությանը վերաբերվում է որպես քաղաքացիների բարգավաճմանն ուղղված միջոցի։
Այս տեսլականը ենթադրում է քաղաքական դերակատարներ, ովքեր հասկանում են քաղաքացու, նաև Աստծո և պատմության, առջև հաշվետու լինելու պարտականությունը և պատրաստ են վճարել ազնիվ քաղաքականության գինը՝ հանուն երկարաժամկետ վստահություն ունեցող և ինքնակառավարվող հասարակության բարօրության։
VII. Վերջաբան
Ճշմարտությունը կհաղթանակի ոչ թե միամտությամբ, այլ խիզախ վկայությամբ
«Եթե դուք հարատևեք իմ խոսքի մեջ, ճշմարտապես իմ աշակերտներն եք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8:31-32)։ Հիսուս Քրիստոսի այս խոսքերը քաղաքական ծրագիր չեն, այլ ավելի հիմնարար մի բան. գոյաբանական պնդում իրականության բնույթի մասին։ Ճշմարտությունը պարզապես օգտակար կամ ցանկալի չէ, այն ազատագրում է։
Սուտը, որքան էլ հզոր թվա կարճաժամկետ հեռանկարում, միշտ ստրկության ձև է: Այն կապում է ստախոսին սուտը պահպանելու հետ, մոլորվածին կապում է իրականության կեղծ պատկերի հետ, համայնքին կապում է թունավորված ջրհորի հետ։ Հայ ժողովուրդը դա գիտի հատուկ սրությամբ։ Հայ ժողովրդի դեմ կատարված ամենամեծ հանցագործությունը՝ 1915 թվականի ցեղասպանությունը, նախապատրաստվեց և ուղեկցվեց համակարգված ստով, իսկ դրանից հետո շարունակվեց այլ ձևով՝ կազմակերպված պնդմամբ, որ տեղի ունեցածը տեղի չի ունեցել։ Այս ժխտողականության հետնորդները դեռ ակտիվ են աշխարհում։ Եվ այն դասը, որը հայ ժողովուրդը պետք է քաղի այս փորձառությունից, ճշմարտության՝ որպես արժեքի, անվերապահ դավանումն է, հենց այն պատճառով, որ մենք մեր պատմական հիշողությամբ գիտենք, թե ինչ արժե ճշմարտության ուրացումը։
Ես չեմ ավարտում միամիտ լավատեսությամբ։ Ապատեղեկատվության ուժերը հզոր են, լավ ֆինանսավորված և բարձր զարգացած։ Այն, ինչ ես հաստատում եմ իմ համոզմունքով, այն է, որ սուտն ի վերջո ոչնչացնում է ինքն իրեն։ Նրան ավելի ու ավելի շատ ստեր են պետք իրեն պահպանելու համար։ Այն կառուցված է ավազի վրա։ Այն կոռումպացնում է հենց այն կառույցները՝ վստահության, համայնքի, սոցիալական համախմբվածության, որոնց վրա հիմնված է նրա սեփական ժամանակավոր հաջողությունը։ Բայց ստի բերած ավերներից տուժումն են բոլորը:
Կոչս հայ քրիստոնյաներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց այս պահին քաղաքացիական արիության կոչ է՝ ճշմարտացի խոսել կազմակերպված ստի դեմ հանդիման. հրաժարվել էխո-խցիկի հարմարավետությունից. կանգնել նրանց կողքին, ում լռեցնում են հանուն ճշմարտության. կառուցել զանազանման կարողության և անկեղծ երկխոսության համայնքներ։ Սա նեղ կուսակցական իմաստով քաղաքական գործողության կոչ չէ։ Սա բարոյական գործողության կոչ է՝ դառնալու Արդար Խոսքի մարդիկ աղմուկով ու ապատեղեկատվությամբ լի աշխարհում։ «Ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8:32), ոչ թե այն պատճառով, որ մենք վստահում ենք մեր սեփական ուժերին, այլ որովհետև մենք հավատում ենք մի Աստծո, ով Ճշմարտություն է, ով աշխարհը չի հանձնել ստին, և ում խոսքը դատարկ չի վերադառնում (Ես. 55:11)։
Օգտագործված աղբյուրներ և գրականություն
- Կլայն, Յոզեֆ. «Լեզու և իշխանություն» // Klein, Josef: „Sprache und Macht“, in: Aus Politik und Zeitgeschichte (APuZ), Bundeszentrale für politische Bildung, Bonn 2010. Online: https://www.bpb.de/shop/zeitschriften/apuz/32949/sprache-und-macht/
- Գրաուլ, Վիկտորյա. «Նրանք վերևում – Ինչպես է գործում պոպուլիզմը» // Graul, Victoria: „Die da oben – Wie Populismus funktioniert“, mediakompetent.de, 2024. Online: www.mediakompetent.de/populismus
- Գրաուլ, Վիկտորյա. «Ապատեղեկատվությունը ընտրությունների ժամանակ. այս հինգ հնարքները դու պետք է իմանաս» // Graul, Victoria: „Desinformation bei Wahlen: Diese fünf Tricks solltest du kennen“, mediakompetent.de, 2024. Online: www.mediakompetent.de/desinformation-bei-wahlen
- Հոֆման, Ուտե. «Լեզվով քաղաքականություն անել» // Hofmann, Ute: „Mit Sprache Politik machen“, ethik-heute.org, 2018. Online: www.ethik-heute.org/mit-sprache-politik-machen
- Վելինգ, Էլիզաբեթ. Քաղաքական ֆրեյմինգ. Ինչպես է ազգն ինքն իրեն ներշնչում իր մտածելակերպը և դրանով քաղաքականություն կերտում։ // Wehling, Elisabeth: Politisches Framing. Wie eine Nation sich ihr Denken einredet – und daraus Politik macht. Online: https://www.bpb.de/system/files/dokument_pdf/politisches_framing_bpb.pdf
- Լակոֆ, Ջորջ / Վելինգ, Էլիզաբեթ. Անշշուկ քայլերով դեպի ուղեղ. Քաղաքական լեզուն և նրա թաքնված իշխանությունը։ // Lakoff, George / Wehling, Elisabeth: Auf leisen Sohlen ins Gehirn. Politische Sprache und ihre heimliche Macht. Carl-Auer-Systeme Verlag, Heidelberg 2016.
- Լուման, Նիկլաս. Վստահություն. Սոցիալական բարդության նվազեցման մեխանիզմ։ // Luhmann, Niklas: Vertrauen. Ein Mechanismus der Reduktion sozialer Komplexität. UVK Verlagsgesellschaft mbH, 5. Auflage, Konstanz 2014.
- Արենդտ, Հաննա. Տոտալիտարիզմի տարրերն ու ակունքները։ // Arendt, Hannah: Elemente und Ursprünge totaler Herrschaft. Piper, Frankfurt am Main 1986.
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: