Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

Քաղաքականություն

28.05.2026 | 11:32

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ախալքալաքի կայարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձարկման ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն նախագծի պաշտոնական գործարկումը նախատեսված է հունիսի 2-ին։

Գծի ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213-ը՝ Վրաստանում։ Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից տրամադրված 775 միլիոն դոլարի վարկով։ Վարկը կմարվի նախագծից ստացված եկամուտներից։

«Ադրբեջանի երկաթուղիներ»-ը հայտարարել է, որ ընկերությունը 2023 թվականի մայիսից մինչև 2024-ի մայիսը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման աշխատանքներ է իրականացրել, և նախագիծը հաջողությամբ ավարտվել է։

Վերակառուցման արդյունքում գծի տարեկան թողունակությունը 1 միլիոն տոննայից աճել է մինչև 5 միլիոն տոննա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment