Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, Փաշինյանի հայտարարությունը ոչ թե կարեւոր իրադարձության ազդարարում է՝ Հայաստանի տնտեսության համար, այլ նախընտրական, քաղաքական հայտարարություն

Հարությունյանը բացատրում է, որ Ախալքալաքից Կարս հաղորդակցությունը գրեթե անհնար է՝ տեխնիկական խոչընդոտների պատճառով․ «Բանն այն է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ադրբեջանական եւ վրացական հատվածի՝ երկաթուղու ռելսերի միջեւ հեռավորությունը 1520 սմ է, այսինքն՝ խորհրդային ստանդարտ է, այն պարագայում, երբ Թուրքիայում գործում է եվրոպական ստանդարտը, եւ, ըստ էության, դա ավելի նեղ է, հետեւաբար՝ ձեր վագոնները չեն կարող սահուն, առանց տեխնիկական վերազինման գնալ-հասնել Կարս»։ Այսինքն, ճանապարհին վագոններ են փոխում, բեռներ են տեղափոխում եւ այլն:

Այդուհանդերձ, ի՞նչ կարող է տալ այս երկաթգծի գործարկումը Հայաստանին։ «Հայաստանի՝ թուրքական շուկայի հետ առեւտրի ծավալներն այնքան են, որ ավտոտրանսպորտային փոխադրումներով հարցը լուծվում է, ընդ որում՝ ավելի օպերատիվ եւ անհամեմատ ավելի էժան, քան դա կարող է արվել իրենց առաջարկած տարբերակով։ Քիչ առաջ լսում էի, թե եկեք, ավտոմեքենաներով հասեք Ախալքալաք, իսկ այնտեղից այդ ապրանքները տեղափոխեք Կարս։ Սա ցանկալին էֆեկտիվի փոխարեն ներկայացնելու ակնհայտ փորձ է: Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի»,- վստահեցրեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ հիշյալ երկաթգիծը Հայաստանի տնտեսական ծրագրերի համար հավելյալ կարողություններ առաջացնելու տեսանկյունից բացարձակապես հետաքրքրություն, իմաստ չի պարունակում` զուտ քաղաքական, փիառ շոու է։

Նրա խոսքով՝ առնվազն ծիծաղելի է հատկապես այն ընդգծումը, թե այդկերպ հնարավորություն ենք ստանում հասնել Չինաստան․ «Նախ՝ հայ-չինական առեւտրային կապերն ու ծավալներն այնքան մեծ չեն, որ կարողանանք օգտագործել զուտ հայկական ապրանքը Չինաստան ուղարկելու երթուղին, բայց ենթադրենք` ուզում ենք մատչելի չինական շուկան մեզ հասանելի դարձնել լոգիստիկ տեսանկյունից։ Հիմա գործող իշխանությունը մեզ առաջարկում է մտնել Վրաստան, այնտեղից՝ Ադրբեջան, այնուհետեւ բարձրանալ Ռուսաստան, հետո գնալ Միջին Ասիա՝ Ղազախստան, հետո գալ եւ մտնել Չինաստան, այն դեպքում, երբ կա շատ ավելի կարճ եւ տնտեսապես ավելի ձեռնտու տարբերակ, երթուղի՝ Հայաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան, խոսքը Բաքու-Ղազախ հանգույցով գործարկվող գծի մասին է, մենք այս դեպքում կարող ենք անհամեմատ ավելի արագ, առանց շրջանցելու Վրաստանը, Ռուսաստանը, հաջողությամբ հասնել Չինաստան։ Հարց՝ ինչո՞ւ չենք անում, ընդ որում՝ այս երթուղին հարմար է նաեւ, ինչպես Էրդողանն է հաճախ ասում, Պեկին-Լոնդոն միջանցքի մեջ Հայաստանի գործունեությունը կազմակերպելու առումով, այսինքն՝ մենք հայտնվում ենք Միջին միջանցքի վրա, որը մեզ ձեռնտու է բոլոր տեսակետներից, եւ գլխավորը՝ դառնալ մեգածրագրի մասնակից ու դրանով իսկ երաշխավորել սեփական անվտանգությունը՝ այդ ծրագրի հիմնական դերակատարների շահերից ելնելով։ Պատկերացրեք՝ մենք հայտնվենք Պեկին-Լոնդոն միջանցքի վրա Բաքու-Ղազախ-Դիլիջան-Իջեւան, Գյումրի-Կարս տարբերակով, ապա իմ նկարագրած երթուղին դառնում է միջին Միջանցքի հատվածներից մեկը, եւ այդ երթուղու անխափան գործունեությունը բխում է նախեւառաջ Չինաստանի շահերից: Վերջինը, իր իսկ տնտեսական շահերից ելնելով, դառնում է մեր իսկ անվտանգության երաշխավորը՝ հավելյալ հնարավորություններով»։

Թե ինչու իշխանությունը չի կառուցում Դիլիջան-Իջեւան երկաթգծի հատվածը, Հարությունյանի կարծիքով` կա՛մ չի գիտակցում դրա կարեւորությունը, կա՛մ չգիտի դրա մասին։ Բացի այդ, Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են Հայաստանի միջոցով կապվել միայն Սյունիքով, այլ տարբերակ չեն դիտարկում, ինչո՞ւ․ «Որովհետեւ իմ նկարագրած սցենարով Հայաստանը դառնում է իրական տարանցիկ պետություն եւ ձեռք է բերում անվտանգության լուրջ երաշխիքներ, մինչդեռ Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին, այնուհետեւ Թուրքիային միանալով՝ ընդամենը օգտագործելու են Հայաստանի տարածքը։ Հետաքրքիրն այն է, որ դրա համար մենք մեր բյուջեից ավելի քան 200 մլն դոլար պետք է ներդնենք Մեղրիի 42 կմ հատվածը ժամանակակից լոգիստիկ պայմաններով կառուցելու համար, որպեսզի Ադրբեջանը կարողանա հարմարավետ միանալ Թուրքիային: Սա աբսուրդ է, չենք խոսում, որ այսպիսով կտրելու ենք Հայաստանի կապն Իրանի հետ՝ առեւտրային, տնտեսական, լոգիստիկ առումով»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment