Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից

Հասարակություն

27.05.2026 | 20:10

Վանաձոր քաղաքում հասարակական տրանսպորտի ուղևորի և վարորդի միջև միջադեպ է գրանցվել, վարորդը հայհոյախառն արտահայտություններով ուղևորին ստիպել է իջնել երթուղայինից՝ ղեկին ծխելու համար արված դիտողությունից հետո։

Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է ուղևորը դիտողություն անում վարորդին նրա վարվելակերպի համար և նշում, որ նա պետք է դեն նետի ծխախոտը։ Ի պատասխան այս դիտողությունների՝ վարորդը խիստ ագրեսիվ է արձագանքում։ Նա կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և հրամայական տոնով պահանջում, որ դիտողություն արած ուղևորն իջնի մեքենայից։

«Հլը իջի, արա… դուք չափներդ շատ եք անցնում»,- վրդովված ասում է նա։

Ուղևորներն իրենց հերթին հակադարձում են և պահանջում կոռեկտ լինել ու հարգալից սպասարկել քաղաքացիներին։ Ի վերջո վարորդը երթուղայինից իջեցնում է ծխելու համար դիտողություն արած վարորդին։

Lori TV-ն տեսանյութ է հրապարակել։

Ավելի ուշ Վանաձորի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վարորդն ազատվել է աշխատանքից։

«Այսօր Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք, որ վարորդն ազատվել է աշխատանքից։

Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ խստացնել վերահսկողությունը և ապահովել ուղևորափոխադրման ծառայությունների պատշաճ, անվտանգ և բարեկիրթ սպասարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում հասարակական տրանսպորտի ղեկին ծխելն օրենքով խստիվ արգելված է։

Leave a comment