Կոսաչև․ Ժողովուրդը չի գնահատի «բազմավեկտորությունը»՝ ի վնաս ՌԴ-ի հետ հարաբերությունների

ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են բացասաբար ընկալել ներկայիս իշխանությունների վարած «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների: Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Սենատորի խոսքով՝ միջազգային առևտրում գործում է «առավելագույն բարենպաստության ռեժիմի» սկզբունքը, որի դեպքում պետությունները գործընկերներին տրամադրում են հավասար պայմաններ և արտոնություններ: Սակայն, Կոսաչևի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տասնամյակներ շարունակ այլ մոտեցում է գործել՝ «ավելի լավ, քան մյուսների համար»։

Նա ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կառուցվել է առավելագույնս շահեկան պայմաններով, առաջին հերթին Ռուսաստանի կողմից: Ընդ որում, ներկայիս իշխանությունները ցուցադրում են արտաքին քաղաքական գծի փոփոխություն։

«Հիմա սա անվանվում է «բազմավեկտորություն», սակայն դրա հետևից տեսանելի է արևմտամետ կողմնորոշումը», – ասել է Կոսաչևը:

Սենատորը նշել է, որ Հայաստանն իրավասու է ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան, իսկ երկրի քաղաքացիները կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Կոսաչևի խոսքով, Ռուսաստանը նույնպես իրավունք ունի վերանայել հարաբերությունների ձևաչափը։

«Չէ՞ որ Ռուսաստանն էլ ընտրության իրավունք ունի։ Ես կողմնակից չեմ պատժամիջոցների՝ որպես ճնշման գործիքի։ Բայց եթե մերժեն մեր «հնարավորինս լավի» սկզբունքով հարաբերությունները շարունակելու առաջարկը, ապա այլ տարբերակ չկա, բացի «լավագույնս բարենպաստի» հայտնի սկզբունքը։ Այսինքն՝ ո՛չ վատ, բայց ո՛չ էլ լավ ի տարբերություն մնացածների», – գրել է քաղաքական գործիչը։ «Սա նշանակում է նույն պայմանները, ինչ ավելի հեռու և ոչ այնքան բարեկամական երկրների համար՝ առանց հատուկ իրավունքների, արտոնությունների կամ զեղչերի, – հստակեցրել է նա։ «Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նման զարգացումը չի գոհացնի Հայաստանի քաղաքացիներին, ովքեր իրենց անվտանգությունն ու բարգավաճումը կառուցել են հիմնականում մեր երկրի հետ բարեկամական, այլ ոչ թե «բազմավեկտոր» հարաբերությունների հիման վրա։ Բայց դա արդարացի կլինի, եթե հաղթեն Հայաստանի ներկայիս իշխանությունները», – եզրափակել է Կոսաչևը։

Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Խոսքը բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասին է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստան գազի մատակարարման թեման, հայտարարել է, որ արտոնյալ գները Ռուսաստանի կողմից աջակցության տարբերակ են: Նա նշել է, որ ցանկացած զեղչ կատարվում է ռուսական կողմի հաշվին և դիտարկվում է որպես օգնություն եղբայրական երկրին։

Sputnik Արմենիա

Leave a comment