«Որեւէ հրատապ հարց չկար, ստորագրված փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում, ոչ թե օդանավակայանում եւ ավելի բովանդակային մեծ կշիռ հաղորդել այդ փաստաթղթերին: Ինձ համար ակնհայտ է, որ այս այցը եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով եւ ավելի շատ քարոզչական բնույթ էր կրում»,- այսօր Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրված փաստաթղթերին:
Իրան-ԱՄՆ չդադարեցված պատերազմի ֆոնին այդպիսի փաստաթղթերի ստորագրումը, ըստ Քոչարյանի, լավ ազդանշաններ չի ուղղում Իրանին. «Գոնե կարելի էր համբերել՝ պատերազմի դադարից հետո այդ գործը շարունակել, դա լավ չի ընկալվելու Իրանում, միանշանակ»:
Լրագրողի հարցին՝ ձեր կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կառավարման դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները վատանա՞լու են, որ ԵՄ-ը ամեն ինչ անում է Փաշինյանին պահելու համար, ի պատասխան ասաց. «Հաստատ չեն վատանալու: Այդ էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինյանին, ինձ համար անհասկանալի է: Նախկինում ունեինք շատ արդյունավետ համագործակցություն: Չեմ հասկանում՝ ինչու են այս աստիճանի ներխուժում ներքաղաքական տարածք: Սա լավ բանի մասին չի խոսում: Ենթադրում եմ՝ ՌԴ-ին կամ Իրանին ցավեցնելու համար քայլեր են ձեռնարկում, մենք գործիք ենք դառնում նաեւ այս գործընթացում: Ինչը ՀՀ շահերից չի բխում ընդհանրապես: Ոչինչ չունեմ ԱՄՆ դեմ, պետք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամությունը չպետք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: