Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ

Ermenihaber.am. Անկարայի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) 2023թ. նոյեմբերյան համագումարը: Այդ որոշումը խորացրել է կուսակցության ներսում առկա քաղաքական ճգնաժամը։

Դատարանի որոշման համաձայն՝ համագումարի անվավեր ճանաչման հետևանքով իրավական առումով վերականգնվում է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի լիազորությունները, իսկ գործող նախագահ Օզգյուր Օզելը հեռացվում է ղեկավար պաշտոնից։ Այս զարգացումները լարված իրավիճակ են ստեղծել CHP-ի կենտրոնակայանում։

Կուսակցության գլխավոր գրասենյակի տարածքում Օզելի և Քըլըչդարօղլուին աջակցող խմբերի միջև սկսված վիճաբանությունը կարճ ժամանակում վերաճել է ֆիզիկական ընդհարման։ Իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կուսակցության կենտրոնակայանի շրջակայքում՝ փորձելով վերահսկել իրավիճակը և ցրել հավաքված բազմությունը։ Միաժամանակ ուժեղացվել է նաև Քըլըչդարօղլուի՝ Անկարայում գտնվող բնակության վայրի անվտանգությունը։

Դատարանի որոշմամբ՝ համագումարից հետո անցկացված բոլոր կուսակցական ժողովները և դրանց արդյունքում ընդունված որոշումները ճանաչվել են անվավեր։ Կուսակցության կողմից ներկայացված բողոքարկման դիմումները մերժվել են թե՛ համապատասխան դատարանի, թե՛ Բարձր ընտրական խորհրդի (YSK) կողմից։

Անկարայի նահանգապետարանը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, ոստիկանությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել կուսակցության գլխավոր գրասենյակը Քըլըչդարօղլուի ղեկավարությանը փոխանցելու ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանությունը միջամտել է՝ կոտրելով մուտքերից մեկը և ներխուժել ներս։ Ոստիկանությունը Օզելի աջակիցների ուղղությամբ նաև արցունքաբեր գազ է կիրառել: Օզելը միջամտությունից հետո պատռել է իրեն փոխանցված կենտրոնակայանը լքելու մասին ծանուցագիրը և դուրս եկել շենքից՝ հայտարարելով այնտեղ կրկին վերադառնալու մասին: Այնուհետև վերջինս լքել է կուսակցության գլխավոր գրասենյակի շենքը, ապա իր աջակիցների հետ քայլել դեպի մեջլիս (խորհրդարան): Նա պնդել է, որ կուսակցությունը այսուհետ գործունեությունը շարունակելու է մեջլիսի խմբակցության գրասենյակներում՝ ընդգծելով, որ «քաղաքական ուժի հիմքը ոչ թե շենքերն են, այլ կամքն ու վճռականությունը»։

Քաղաքական և իրավական գործընթացների ֆոնին քննարկվում է նոր համագումարի անցկացման հնարավորությունը։ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է հնարավորինս արագ անցնի նոր համագումարի կազմակերպմանը։ Մինչդեռ Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցները չեն շտապում նոր համագումարի անցկացման հարցում:

Նշենք, որ դատարանի որոշմամբ ԺՀԿ 38-րդ համագումարի արդյունքները, որտեղ կուսակցության առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը, անվավեր են ճանաչվել արձանագրված խախտումների, այդ թվում՝ պատվիրակների վրա ազդեցության կամ կաշառքի մեղադրանքների հիմքով։

Օզելը կենտրոնակայնի դիմաց կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել. «Այս կուսակցությունը 1923 թվականի սեպտեմբերի 9-ին հիմնադրել են Մուստաֆա Քեմալը և նրա ընկերները։ Այս կուսակցությունը փակեցին 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչները։ 1992 թվականի սեպտեմբերի 9-ին կուսակցությունը վերաբացվեց և այդ օրվանից շարունակեց իր գործունեությունը։ 2026 թվականի մայիսի 21-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ, Թուրքիայի իշխող ուժ) դատական թևը ևս մեկ անգամ փակեցին Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Ես ձեզ հրավիրում եմ մասնակցելու կուսակցության երրորդ վերաբացմանը…»:

Օզելի հայտարարությունը լայն արձագանք է ստացել թուրքական քաղաքական շրջանակներում։ Նրա խոսքում առանձնապես ուշադրություն է գրավել այն պնդումը, թե դատարանի որոշումը քաղաքական բնույթ ունի և ուղղված է ընդդիմադիր ուժի գործունեության սահմանափակմանը։ Օզելը ելույթում փորձել է ներկայիս իրավիճակը համեմատել Թուրքիայի քաղաքական պատմության կարևոր շրջափուլերի հետ։ Ինչ վերաբերում է վերջինիս «կուսակցության երրորդ վերաբացում» ձևակերպմանը, ապա այն կարելի է դիտարկել որպես քաղաքական դիմադրության և նոր ընդդիմադիր փուլ սկսելու խորհրդանշական ուղերձ։

Օզելը նաև հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում հրաժարվել կուսակցության ղեկավարության համար մղվող պայքարից. «Մենք չենք թողնելու կուսակցությունը։ Եթե հեռանանք ու ասենք՝ մենք այլևս չկանք, նրանք կարող են ստանալ նույնիսկ 5 կամ 3 տոկոսից էլ պակաս ձայն։ Թող ոչ ոք չանհանգստանա արտահերթ ընտրություններից․ մենք կառաջադրենք մեր թեկնածուին և կհաղթենք՝ ստանալով 60 տոկոս ձայն։ Բայց եթե մենք հեռանանք, ԺՀԿ-ի պատմությունը, լոգոն և բրենդը կմնան պալատի (Թուրքիայի նախագահականի) նշանակած ղեկավարության (նկատի ունի Քըլըչդարօղլուին և վերջինիս թիմակիցներին) ձեռքում։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ»։

Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն իրենք չեն կրում։

ԺՀԿ-ում ստեղծված իրավիճակը թուրքական քաղաքական համակարգում ընդդիմության նկատմամբ ճնշումների հերթական դրսևորումներից մեկն է դիտարկվում։ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձել են սահմանափակել ընդդիմադիր ուժերի ազդեցությունը՝ օգտագործելով թե՛ դատական համակարգը, թե՛ վարչական լծակները։

Օզգյուր Օզելի հայտարարություններում ակնհայտ էր այն համոզմունքը, որ տեղի ունեցող գործընթացը պարզապես ներհամակարգային պայքար չէ, այլ իշխանությունների կողմից վերահսկվող քաղաքական միջամտություն։ Նրա՝ «պալատի նշանակած ղեկավարություն» ձևակերպումը բաց ակնարկ էր նախագահական իշխանության նկատմամբ, որը Թուրքիայում հաճախ մեղադրվում է դատարանների և պետական կառույցների վրա ազդեցություն ունենալու մեջ։

Հատկանշական է, որ իշխանությունների գործողություններն ուղեկցվել են ոստիկանական միջամտությամբ, կենտրոնակայանի շուրջ ուժեղացված վերահսկողությամբ և ընդդիմադիր ղեկավարության նկատմամբ ճնշումներով։ Սա հերթական անգամ խորացրել է այն մտահոգությունները, որ Թուրքիայում քաղաքական մրցակցությունը աստիճանաբար դուրս է մղվում ժողովրդավարական դաշտից և ավելի հաճախ տեղափոխվում ուժային ու վարչական հարթություն։

Օզելի ելույթները փորձում էին ԺՀԿ-ն ներկայացնել ոչ միայն որպես կուսակցություն, այլև որպես Թուրքիայի «աշխարհիկ և քեմալական քաղաքական ավանդույթի վերջին խոշոր հենարան»։ Նրա շեշտադրումները կուսակցության «երրորդ բացման» մասին ուղղված էին սեփական ընտրազանգվածին՝ ցույց տալու, որ պայքարը շարունակվելու է՝ անկախ դատարանների որոշումներից կամ իշխանական ճնշումներից։

Հարկ է նշել, որ ԺՀԿ-ում ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն կուսակցության ներսում իրավական կամ կազմակերպական վեճի տեսանկյունից․ այն ավելի լայն քաղաքական գործընթացի մաս է, որը կապված է Թուրքիայի իշխանության և ընդդիմության երկարաժամկետ հարաբերությունների հետ։

Վերջին տարիներին նկատվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «քաղաքական-խորհրդանշական ժառանգության» միջև անուղղակի հակադրության խորացում։ Էրդողանի իշխանության տարիներին պետական քաղաքականության մակարդակով աստիճանաբար փորձեր են արվել նվազեցնելու Աթաթուրքի շուրջ ձևավորված «խորհրդապաշտական մոտեցումը», իսկ նրա հետ կապված մի շարք պետական և հասարակական խորհրդանիշներ կամ փոխվել են, կամ ստացել ավելի նվազ ընդգծված դեր հանրային դիսկուրսում։

Այս համատեքստում դիտարկվում է նաև գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թուլացման հնարավոր նպատակադրումը հաջորդ համապետական ընտրությունների նախաշեմին։ ԺՀԿ-ն, լինելով Աթաթուրքի հիմնադրած քաղաքական ավանդույթի հիմնական կրողը, համարվում է իշխող վարչակազմի գլխավոր մրցակիցներից մեկը, և դրա ներքին պառակտումները կարող են ազդեցություն ունենալ քաղաքական հավասարակշռության վրա։

2023թ. Թուրքիայում տեղի ունեցած համապետական ընտրություններում ԺՀԿ-ի նախագահի թեկնածուն էր Քեմալ Քըլըչդարօղլուն, որի ցածր վարկանիշը նպաստեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակին։ Հետագա ընտրական ռազմավարության շրջանակում ընդդիմությունը փորձել էր ձևավորել նոր թեկնածուի շուրջ համախմբում, որտեղ որպես գլխավոր անուն շրջանառվում էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Սակայն Իմամօղլուն, որը համարվում է Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցներից մեկը, 2025թ.-ի մարտին ձերբակալվել է և շարունակում է մնալ կալանքի տակ, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծել ընդդիմադիր դաշտում։

Այս ֆոնին ներկայիս դատական գործընթացները և ԺՀԿ-ի ղեկավարության շուրջ ճգնաժամը կարող են ավելի խորացնել կուսակցության ներսում բաժանումները։ Եթե կուսակցությունը չկարողանա արագ անցկացնել նոր համագումար և ձևավորել միասնական ղեկավարություն, ապա հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում այն կարող է հայտնվել կազմակերպչական և քաղաքական լուրջ դժվարությունների առաջ։

Մասնավորապես եթե պահպանվի ներկա պառակտված իրավիճակը և առաջ մղվի նախկին ղեկավարության վերադարձի սցենարը, միասնական թեկնածուով հանդես գալու ընդդիմության հնարավորությունը կարող է էապես թուլանալ, ինչը կնվազեցնի իշխանափոխության «իրական հեռանկարը»։

Այսպիսով, ստեղծված ճգնաժամը ոչ միայն ներհամագումարային վեճ է, այլ նաև ավելի լայն քաղաքական գործընթացի մաս, որտեղ կուսակցական պայքարը, դատական միջամտությունները և ընտրական ռազմավարությունները միահյուսված են Թուրքիայի ներքաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment