«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պատմում են, որ համատարած արգելվում է իրենց աջակիցներին եւ համակիրներին տարածքներ տրամադրել՝ նախընտրական շտաբների համար: Բացի դա, ունենք տեղեկություններ, որ տարբեր բիզնես նպատակներով վարձակալված տարածքներից հանում են կուսակցության համակիրներին։
Թեքվոնդոյի մարզիչ Ա․ Ա․-ն, որը Սամվել Կարապետյանի համակիրներից է, նոր տարածք է փնտրում իր թիմի համար։ Նա պատմեց, որ Շենգավիթ վարչական շրջանում մինչեւ վերջին օրերը դահլիճ է վարձակալել, որտեղ անցկացրել է իր թիմի մարզումները։ Բայց օրերս տվյալ հաստատություն են ժամանել Երեւանի քաղաքապետարանից, մտել են նաեւ նրա աշխատասենյակ, որտեղ պատերին Գարեգին Նժդեհի, մեր ազգային հերոսների նկարներն են եղել կախված, իսկ սեղանին Սամվել Կարապետյանի նախընտրական բուկլետներն են դրված եղել։ Հաջորդ օրը տվյալ հաստատության տնօրենը մոտեցել է Ա․ Ա․-ին եւ խնդրել է ազատել տարածքը, քանի որ այդտեղ քաղաքապետարանը պատրաստվում է բարեգործական ճաշարան բացել։ Թեքվոնդոյի մարզիչը համոզված է, որ այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի` եթե չլիներ քաղաքապետարանի անսպասելի այցը, իրեն ու իր սաներին տարածքից չէին հանի։ «Տեսան Նժդեհի նկարը, Սամվելի բուկլետը, դուրս հանեցին տարածքից»,- ասում է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, այո՝ ունեն ահազանգեր, որ նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալելու հարցում կան բարդություններ։ «Անուններ չտամ, որ չթիրախավորեմ մարդկանց, բայց տոտալ, երկու տեսակի խնդիր ունենք։ Ովքեր որ համաձայնում են տալ տարածքներ, չասեմ՝ բոլորին, բայց որոշակի մասին ճնշում են, որ չտրամադրեն տարածք։ Եվ կան դեպքեր, երբ մարդիկ արդեն տվել են իրենց տարածքները, նրանց ճնշել են ու ստիպել, որ հետ վերցնեն։ Սկզբից, երբ որ նոր էինք շտաբները ձեւավորում, նման դեպքերը շատ-շատ էին, բայց հիմա վախի մթնոլորտը որոշակի չափով կոտրվել է։ Ոչ թե թուլացրել են ճնշումները, այլ լավ օրինակով վարակելով, մթնոլորտը կոտրվեց»,- մեր հարցերին ի պատասխան՝ ասում է Դավիթ Ղազինյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: