Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա չհանդիպեց Հայաստանի վարչապետին։Միներալներ. ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ օգտակար հանածոների, հատկապես՝ կրիտիկական միներալների շուրջ։ Այս ոլորտում Վաշինգտոնի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել սեփական կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ազդեցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ռեսուրսներով հարուստ երկրներում։
Այս նպատակով ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի, Ղազախստանի և տասնյակ այլ երկրների հետ։ Ի դեպ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումների հիմնավորումներից մեկը նույնպես նրա հանքային հարստությունն է, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս խոսել է։
Ռազմավարական գործընկերությունների դասակարգում. Ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ դիվանագիտականհարաբերությունները դասակարգում է հետևյալ կերպ՝
Դաշնակցային հարաբերություններ (ՄԹ, Կանադա),
Ռազմավարական գործընկերություն (Վիետնամ, Ղազախստան),
Համապարփակ ռազմավարական գործընկերություն (Հնդկաստան),
Համապարփակ գործընկերություն (Ինդոնեզիա, Սինգապուր),
ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից (Իսրայել, Ավստրալիա),
ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ
Այլ բարեկամ երկրներ։
Այս համատեքստում կարելի է ասել, որ Հայաստանը որոշակիորեն բարձրացրել է իր հարաբերությունների մակարդակը, սակայն բնականաբար դաշնակցային հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։
TRIPP. TRIPP-ի գործոնը կարևոր է հասկանալու համար ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումները Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի նկատմամբ ճնշման մեծացումը։ TRIPP-ի վերաբերյալ մի կարևոր հանգամանք հաճախ դուրս է մնում հանրային ուշադրությունից։
Այն ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության կարևոր տարր է, բայց ոչ միակը։ Դրա նպատակը Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանումն է դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Իրականում Չինաստանը ձգտում է և արդեն մասամբ հասել է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ ազդեցության ամրապնդման։
Նրան անհրաժեշտ են դեպի Եվրոպա արտահանման հուսալի ուղիներ, որոնք կարող են իրականացվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԱՄՆ-ն, իր հերթին, ձգտում է դժվարություններ ստեղծել Չինաստանի համար՝ սահմանափակելով նրա արտահանման հնարավորությունները՝ կիրառելով տարբեր գործիքներ, պատժամիջոցներից մինչև սեփական տարածաշրջանային նախագծերի խթանում։ Այլ կերպ ասած՝ եթե Չինաստանը մեծապես վերահսկում է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները, ապա ԱՄՆ-ն, մրցակցային տրամաբանությամբ, փորձում է վերահսկել տարանցիկ հնարավոր միջանցքները դեպի Եվրոպա։
Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման հիմնական խոչընդոտներից մեկը այն էր, որ Կասպից ծովով դեպի Ադրբեջան հասնելու դեպքում ռեսուրսների տեղափոխումը դեպի Թուրքիա պետք է անցներ Իրանի տարածքով (կամ առավել երկար՝ Վրաստանի), ինչը չէր բխում Վաշինգտոնի շահերից։ TRIPP-ի գործարկման դեպքում այդ միջանցքը ապահովվում է Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանին, միաժամանակ շրջանցելով Ռուսաստանին և ստեղծելով լրացուցիչ բարդություններ Չինաստանի համար՝ սահմանափակելով այլընտրանքային լոգիստիկ ուղիների հասանելիությունը։
Այսինքն՝ Թրամփի վարչակազմը բավականին արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում և, համապատասխանաբար, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը»։