«Նիկոլ Փաշինյանը որոշել է հունիսի 4-ի մեծ բանավեճը վերածել Նիկոլ Փաշինյանի ասուլիսի: Երեկ մեր ներկայացուցիչները գնացել են Հանրային հեռուստաընկերություն՝ հեռուստաընկերության հրավերով, եւ մեզ է ներկայացվել այն ձեւաչափը, որով պետք է անցկացվի հունիսի 4-ի բանավեճը՝ 1-ին համարների միջեւ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը: Նրա ձեւակերպմամբ՝ գործ ունեն մի խարդախության հետ. բանավեճն այնպես է կազմակերպվելու, որ քաղաքական ուժերը չեն կարողանալու առանձին խոսել տարբեր կառավարման ոլորտների հետ կապված իրենց ծրագրերի մասին: Միայն ամեն թեկնածու մեկ հարց է տալու որեւէ այլ թեկնածուի, հարցն էլ տեւելու է 30 վայրկյան, իսկ այն թեկնածուն, որին այդ հարցն ուղղված է, պատասխանելու է մեկ րոպե:
«Ընդդիմադիր կուսակցությունները շահագրգռված են հարց ուղղել գործող իշխանությանը, այսինքն՝ մենք մեր 30 վայրկյանանոց հարցերը պետք է տանք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի 18 թեկնածուի հարցերին 1 րոպեում, արդյունքում 18 րոպեն դառնում է Նիկոլ Փաշինյանի շոուն, ասուլիսը: Սա արհեստական ձեւաչափ է, որով իրենք ուզում են դարձնել բանավեճը Նիկոլ Փաշինյանի ելույթ: Տխուր է, անհավասար պայմաններ են, դաղալ, ճղճիմ, սա հերթական փոքրոգի մոտեցումն է Նիկոլի կողմից, որը փորձում է նման ձեռնածություններով իր համար ստեղծել առավելություններ բանավեճում: Բայց մենք ստիպված ենք ընդունել դա:
Անհավասար պատերազմը չպետք է ընդունես, եթե դա վերաբերում է արտաքին ոլորտին, չպետք է ներքաշվես անհավասար պատերազմի մեջ, որովհետեւ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր փաստորեն հայտնվում է սպառնալիքի տակ, ինչը մենք ունեցանք 2020-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց 2019-ի Մինսկի խմբի պլանը եւ մեզ ներքաշեց Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, որտեղ իսկապես շատ անհավասար վիճակում էինք գտնվում եւ ջարդուխուրդ արվեցինք, բայց ներքաղաքական պայքարում, ինչքան էլ անհավասար պայմաններ առաջարկվեն, մեր պարտքն է ժողովրդի առաջ գնալ, փորձել եւ ճշմարտությունն ասել, բացահայտել խաբեբաներին, իրենց պորտը դնել տեղը»,- ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածուն:
Լեւոն Զուրաբյանը նաեւ դժգոհել էր, որ Հանրային հեռուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ կցված իր հարցազրույցի YouTube-յան տարբերակից կտրել է հետևյալ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դարձել է խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք՝ գալով իշխանության, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր…»:
Զուրաբյանի խոսքով՝ «Այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում, որ նարկոբիզնեսի և կազինոների ՀՈՎԱՆԱՎՈՐԻ իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ»:
Լեւոն Զուրաբյանը գրում է. «Այն Նարկոբարոն Նիկոլ, երեք պատերազմներում մեզ պարտության տանելը, ազգը փչացնելու և հարստահարելու համար թմրամոլությունն ու խաղամոլությունը ծաղկեցնելու քո ջանքերը ցույց են տալիս, որ իրականում այս ամենը զուտ ապաշնորհության արդյունք չի, այլ ծրագիր»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ ՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: