Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուզում ենք փոխադարձ հարգանքի հիման վրա լուծել հարցերը, որոնք առնչվում են տարածաշրջանում առկա տնտեսական, մարդասիրական, անվտանգային մարտահրավերներին», – այսօր լրագրողներին ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ճակատագրի համար իր մտահոգությունը ոչ միայն բառերով է արտահայտում, այլ վարում է երկրի զարգացմանն ուղղված քաղաքականություն:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առիթով հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։
Sputnik Արմենիա