ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:
Համագործակցության շրջանակում կողմերի համատեղ ներդրումներ կկատարվեն Երևանի արհեստի պետական քոլեջում՝ խոհարարության ոլորտում կրթության և ուսուցման որակի բարձրացման, անհրաժեշտ ուսումնագործնական միջավայրի ապահովման, մանկավարժական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, զարգացման այլ ծրագրերի իրականացման նպատակով:
Ողջունելով հյուրերին և կարևորելով ձևավորվող համագործակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոհարարության մասնագիտության նկատմամբ ձևավորվել է մեծ պահանջարկ՝ պայմանավորված ինչպես զբոսաշրջային հոսքերի աճով, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 35 %-ով, այնպես էլ սպասարկման ոլորտի ակտիվ ընդլայնմամբ։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր ուսումնական հաստատություններում, որոնցում դասավանդվում է խոհարարություն, արձանագրվում է դիմորդների թվի աճ, ուստի շատ կարևոր է կրթական ծրագրերի բովանդակության որակը։
«Խոհարարական կրթական ծրագրերում ավելի մեծ շեշտադրում կատարելով ազգային խոհանոցի վրա՝ կնպաստենք խոհարարություն մասնագիտության և հայկական խոհանոցի զարգացմանը։ Սա կարևոր եմ համարում նաև մեր երկրում մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, որովհետև խոհանոցը մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Երիտասարդ սերունդն իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա պահպանել և զարգացնել հայկական խոհանոցը, ինչպես նաև այն ներկայացնել թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ երկիր այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի պատրաստել ազգային խոհանոցին տիրապետող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն հայկական խոհանոցի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկնարկող կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ նաև հետազոտական նոր ծրագրերի և ազգային խոհանոցի շարունակական զարգացման համար։
ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի ասոցիացիայի ներդրումը հայկական խոհանոցի զարգացման գործում, ինչպես նաև համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ այն գնահատելով որպես հայկական խոհարարական կրթության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ հայկական խոհանոցը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որը կկապի կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ազգային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել՝ Արհեստի քոլեջում ձևավորվող փորձն ու մասնագիտական ներուժը հնարավոր կլինի փոխանցել և կիրառել նաև այլ ուսումնական հաստատություններում:
Անդրադարձ է կատարվել նաև հայկական ազգային խոհանոցը որպես ամբողջական մշակութային երևույթ արժևորման և հանրահռչակման հարցին։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային ուտեստների շտեմարանի ստեղծման և պարբերաբար արդիականացման աշխատանքները, ինչպես նաև հայկական խոհանոցի՝ որպես մշակութային արժեքի ճանաչման հեռանկարները։
Քննարկվել են նաև ազգային խոհանոցի դասավանդման զարգացմանը, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ընդլայնմանը, վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացմանը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Դիտումների քանակ1