Դուք հրաշալի հատկություն ունեք մարդկանց «ծնգլ անելու»: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով երեկ Գյումրիում իր արած արտահայտությունը, որում ի պատասխան լրագրողների գերիների մասին տված հարցին ասել էր՝ «ծնգլ արեցիք»:
«Բնականաբար «ծնգլ արեցիք»-ը՝ ողջ սիրով և հարգանքով, վերաբերում էր ձեզ, ոչ թե հարցին, որը տվել եք: Դուք հրաշալի հատկություն ունեք մարդկանց «ծնգլ անելու», դա գուցե մասնագիտական պարտավորություն է ինչ-որ առումով: Ստորություն է ասել, թե Միրզոյանը ասել է ծնգլ արեցիք՝ լսելով գերիների մասին հարցը ու այդ արտահայտությունը վերագրել գերիներին:
Տեսա, որ լայն թափով շահարկվում է այդ արտահայտությունը: Վիդեոյում սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս, և ես ասում եմ՝ չեմ պատասխանում հարցերին, վերջում ասում եմ՝ ծնգլ արեցիք, մի քանի քայլ հեռացել եմ, զուգահեռաբար հետևից հնչում է գերիների մասին հարցը, որը բնականաբար լսելի չէր իմ համար: Ես չեմ հասկանում, որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք»,- նշել է Միրզոյանը: