Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն


ՆԳՆ Փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է անձնակազմի կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ ու տակտիկական ուսումնավարժություններ։ Հերթականը Սյունիքի մարզում էր։


Ուսումնավարժանքի նպատակը արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետությունը ստուգելն ու փրկարարական ծառայողների կարողությունները կատարելագործելն էր։


Ըստ սցենարի՝ Կապանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել վթար․ վնասվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական պոչատար խողովակը։ Րոպեների ընթացքում դեպքի վայր են ժամանել կոմբինատի մասնագետներն ու փրկարար ծառայության ստորաբաժանումները։


Գործողությունները հստակ էին և համակարգված․ հերթափոխի վարպետն անմիջապես տեղեկացնում է կենտրոնական հերթափոխին, պոչանքի հոսքը վերահղվում է դեպի պահուստային՝ 720 մմ տրամաչափի վթարային խողովակաշարեր, իսկ վնասված հատվածը դատարկվում է հատուկ վթարային ավազանում։ Սկսվում են վթարավերականգնողական աշխատանքները։


Արդյունավետ աշխատանքի հիմքում յուրաքանչյուր աշխատակցի հմտությունն ու զգոնությունն է։


ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Բնակչության պաշտպանության բաժնի պետ Արմեն Ավագյանի խոսքով՝ նման ուսումնավարժանքները չափազանց կարևոր են, քանի որ օգնում են աշխատակիցներին ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ապահովել արագ ու արդյունավետ արձագանք՝ կանխելով հնարավոր բնապահպանական ռիսկերը։


«Տարվա կտրվածքով նախատեսում ենք ուսումնավորժություններ, դասախոսություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հետ, նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք հաստատում համապատասխան ստորաբաժանումների հետ»,-նշում է Սյունիքի ՄՓՎ Բնակչության պաշտպանության բաժնի պետ Արմեն Ավագյանը։


Քաջարանից Արծվանիկի պոչամբար ձգվող՝ կիլոմետրերի հասնող համակարգը գործում է շուրջօրյա հսկողությամբ։ Հերթապահ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր և խողովակաշարի տեխնիկական զննումներ։


ԶՊՄԿ աշխատանքի անվտանգության բաժնի հրդեհային ծառայության ղեկավար Ռաֆիկ Առաքելյանի խոսքով՝ աշխատաիցները մշտապես հսկում են խողովակաշարը, որպեսզի վթարի դեպքում արագ արձագանքեն։


Պայմանական վթարը վերացվում է, պոչանքի հոսքը վերադարձվում հիմնական խողովակաշար, իսկ համակարգն անցնում է բնականոն աշխատանքի ռեժիմի։


Մասնագետների գնահատմամբ՝ հստակ մշակված գործողություններն ու արդյունավետ փոխհամագործակցությունը կրկին ապացուցեցին, որ համակարգը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման։

Դիտումների քանակ5

Leave a comment