Երևանում և Մարտունիում պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում և Մարտունիում պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ՝ կատարում էր «դրիֆթ»։
Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։
Այս դեպքում էլ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։