ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իբր հայկական կողմը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
«ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է, և, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, մենք արձագանքում ենք, երբ մեզանից պաշտպանություն են խնդրում, երբ մեր երկիրը հարձակման է ենթարկվում։ Մի կողմից, ոչ ոք չի հարձակվել Հայաստանի կամ նրա տարածքի վրա, սա առաջին հերթին է, բայց նույնքան կարևոր է, որ Հայաստանը այս հակամարտության մեջ օգնության խնդրանք չի ներկայացրել», – ասել Է Շոյգուն ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո:
Ըստ նրա՝ Ռուսաստանը ակտիվորեն աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ արյունահեղությունը կանխելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ։ «Եվ այդ պահին այդ լուծումը գտնվել է»։
«Որպես այս բոլոր իրադարձությունների ականատես և մասնակից, կարող եմ ասել, որ մեր նախագահը անհավանական, աննախադեպ ջանքեր գործադրեց, որպեսզի այս ամենը անցնի առանց խոշոր աղետի։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես են տեղակայվել խաղաղապահ ուժերը. մենք բոլորս հիշում ենք, որ մեր տղաները այնտեղ էին սկզբնական փուլում։ Եվ այսօր ասել, որ ՀԱՊԿ-ի կամ ՀԱՊԿ անդամների կողմից որևէ արձագանք չի եղել, իմ կարծիքով, անկասկած սխալ է», – հավելել է նա։