Mango-ի հիմնադրի որդին դատարանի գործընթացի ֆոնին լքել է ընկերության ղեկավար պաշտոնը

Իսպանական հագուստ արտադրող Mango ընկերության հիմնադիր Իսակ Անդիկի որդին՝ Ջոնաթան Անդիկը, հայտարարել է ընկերության փոխնախագահի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որպես պատճառ նշվում է դատական պաշտպանության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, հայտնում է EFE գործակալությունը։

Ինչպես նշվում է, ընկերության աշխատակիցներին ուղղված իր ուղերձում Ջոնաթան Անդիկը նշել է, որ իր հոր մահվան գործով դատական գործընթացի շրջանակում պաշտպանության հետ կապված պահանջները թույլ չեն տալիս պահպանել ընկերության աշխատանքներում անհրաժեշտ ներգրավվածության մակարդակը։

Մայիսի 19-ին նա ձերբակալվել էր Կատալոնիայի ոստիկանության կողմից՝ Mango-ի հիմնադրի մահվան հանգամանքների քննության շրջանակում։ Ավելի ուշ դատարանը նրա ազատ արձակման համար սահմանել է 1 միլիոն եվրոյի գրավ։ La Vanguardia թերթի տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով։ Նա հերքում է իր առնչությունը միջադեպին։

Իսակ Անդիկը, որը համարվում էր Իսպանիայի խոշորագույն գործարարներից մեկը, մահացել է 2024 թվականի դեկտեմբերին՝ 71 տարեկան հասակում, լեռնային տարածքում լանջից ընկնելու հետևանքով։ Սկզբում գործի վարույթը կարճվել էր, սակայն ավելի ուշ Կատալոնիայի քննչական դատարանը որոշել էր այն վերականգնել։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գործարարի որդու ցուցմունքներում հայտնաբերվել էին հակասություններ։

Mango ցանցն ամբողջ աշխարհում ունի շուրջ 2,9 հազար վաճառքի կետ։ 2024 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունը գրանցել է վաճառքների ռեկորդային ծավալ՝ գերազանցելով 3,3 միլիարդ եվրոն։

Leave a comment