Ընտրական հանցագործությունների շրջանակում փետրվարի 7-ից մայիսի 19-ը ձերբակալվել է 86 անձ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վարույթներով հանրային հաշվետվողականությունը հաշվի առնելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված՝ կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

7 վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու նպատակով հանձնվել է հսկող դատախազին:

Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ և զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում»:

–00—ՅՄ

Leave a comment