ԼԳԲՏ թեման օգտագործվում է որպես մանիպուլյացիայի գործիք․ FIP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում շարունակվող ապատեղեկատվության և թիրախավորված տեղեկատվական արշավների կտրուկ ակտիվացման համատեքստում ԼԳԲՏ անձանց իրավունքների թեման օգտագործվում է վախ, խուճապ և ատելություն սերմանելու նպատակով։ 

Կարդացեք նաև Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով

Այս գործընթացների կենտրոնում հաճախ հայտնվում է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի դեմ սոցիալական հարթակներում և մեդիա դաշտում շրջանառվում են համակարգված բնույթի մեղադրանքներ, կեղծ տեղեկություններ և մանիպուլյատիվ թեզեր։ 

«Փաստերի ստուգման հարթակի» իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը ոչ թե առանձին դրվագների, այլ համակարգված ու նպատակային արշավի մասին է, որտեղ ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերը վերածվում են քաղաքական ազդեցության և հասարակական բևեռացման գործիքի։

Թվային կեղծիք և կազմակերպության անունից կեղծ հաղորդագրություններ

Ապատեղեկատվական արշավի առաջին փուլերից մեկը կազմակերպության կեղծումն էր սոցիալական ցանցերում։ X (նախկին Թվիթեր) հարթակում ստեղծվել էր «Փինքի» անունով ու նույն լոգոյով կեղծ էջ, որը, օգտվելով հարթակի նոր քաղաքականությունից, վճարովի ձեռք էր բերել վերիֆիկացված «կապույտ նշան»՝ փորձելով վստահություն ներշնչել և մոլորեցնել օգտատերերին։ Թեև էջը հետագայում արգելափակվել է, այդուհանդերձ, կատարվածը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող են թվային հարթակները օգտագործվել ապատեղեկատվական արշավների համար։

Միևնույն ժամանակ, սկսվել էր նաև ֆեյք էլեկտրոնային հասցեների միջոցով իրականացվող թիրախավորված գրոհը։ Կեղծ տիրույթի՝ pinkarmenia.com-ի (իրական pinkarmenia.org-ի փոխարեն) և կազմակերպության նախկին նախագահի անվան օգտագործմամբ տարածվել էին նամակներ, որոնց նպատակն էր ստեղծել տպավորություն, թե «Փինքը» պաշտոնական համագործակցություն ունի ԿԳՄՍ նախարարության հետ։ 

Ապատեղեկատվական արշավի կազմակերպիչները թիրախավորել են հատկապես դպրոցները․ կազմակերպության անունից կեղծ նամակներ, հաղորդագրություններ են ուղարկվել դպրոցներ այն մասին, թե իբր 2027 թվականի ուսումնական տարվանից նախատեսվում է դպրոցներում ներդնել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ կրթական ծրագրեր։ 

Արտապատկերումը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի անունից ուղարկված կեղծ նամակից

Մինչդեռ «Փինք»-ից նման բովանդակությամբ նամակ չեն ուղարկել․ օգտագործելով հասարակության համար զգայուն թեմաները՝ այս արշավի կազմակերպիչները փորձել են առաջացնել խուճապ։  

Նման մոդել կիրառվել է Մոլդովայում, ինչի մասին ավելի վաղ FIP.am-ը ներկայացրել էր։ Ըստ այդմ, Մոլդովայի Կրթության նախարարությանն ուղարկված կեղծ հաղորդագրությունը դպրոցներին և համալսարաններին տեղեկացնում էր, որ նրանք կարիք կունենան սեռական կրթության լրացուցիչ դասընթացների և գենդերային չեզոք զուգարանների։  

Միջազգային ինֆլյուենսերների ներգրավում և «Փրայդի» (շքերթ) կեղծ օրակարգ 

Բացահայտվել է նաև ինֆլյուենսերների վարձելու փորձ, որոնց հրավիրել են Երևան՝ մայիս-հունիս ամիսներին ԼԳԲՏ թեմաներով տեսանյութեր նկարելու համար։ Նրանց առաջարկվել է վճարել ճանապարհի բոլոր ծախսերը և հոնորարներ՝ Հայաստանը որպես «ազատ և բաց» երկիր ներկայացնելու համար։ Օրինակ, մեր նախորդ հոդվածում հաղորդագրություն տարածած «Ռուսլանը» նամակում նշել էր, թե աջակցում են Հայաստանի որդեգրած քաղաքականությունը դեպի Եվրոպա ու ներկայացրել պահանջը․ «Խնդիրը պարզ է ու կարևոր՝ Երևանից հանրային կերպով դիմեն Փաշինյանին` կոչ անելով պահպանել փոքրամասնությունների իրավունքները և աջակցել շքերթի անցկացումը՝ ի նշան Եվրոպայի հետ համերաշխության, ինչպես նաև աջակցել եվրաինտեգրմանը»։

Միաժամանակ, տարածվում էին կեղծ լուրեր Հայաստանում նախատեսվող «Փրայդի» (ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված շքերթ) մասին, մինչդեռ «Փինք»-ում ասում են՝ նման միջոցառում նույնիսկ չի պլանավորվել։

Արտապատկերումը՝ ինֆլյուենսերին ուղարկված կեղծ նամակից

Կարդացեք նաև- Կեղծ շքերթի հրավեր ու ապատեղեկատվական արշավ՝ ՀՀ-ում միասեռականների ամուսնության օրինականացման մասին

Տեսողական մանիպուլյացիաներ և «բեմականացված» ակտիվիզմ 

Երևանում նաև սադրանքներ են իրականացվել՝ պատերին նույնասեռական զույգերի նկարներ փակցնելու միջոցով․ լուսանկարվում են քարոզչական նպատակներով, իսկ հետո անմիջապես հեռացվում։ Սա ստեղծում է «տեսողական ապացույցներ» սկսված իբրև թե մասշտաբային արշավի մասին, որն իրականում գոյություն չունի։

Լուսանկարները՝ «Քաղաքացու ձայնը» ֆեյսբուքյան էջից

Քաղաքական թիրախավորում և սպառնալիքներ 

Այս ամբողջ արշավն ունի հստակ քաղաքական ենթատեքստ. փորձ է արվում ԼԳԲՏ համայնքի աջակցությունը վերագրել գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, թեև իրականում որևէ համագործակցություն առկա չէ։ Սա օգտագործվում է որպես հակաքարոզչության գործիք՝ փորձելով վարկաբեկել քաղաքական հակառակորդներին։

Այս ամենն ուղեկցվում է բացահայտ սպառնալիքներով և ատելության խոսքով, որոնք ուղղվում են «Փինքի» աշխատակիցներին և համայնքի անդամներին կեղծ հաշիվների միջոցով։

Այսպիսով, ԼԳԲՏ անձինք և իրավապաշտպան կազմակերպություններն այսօր դարձել են հիբրիդային պատերազմի թիրախ, որտեղ կեղծիքն ու մանիպուլյացիան օգտագործվում են հասարակության մեջ պառակտում և անկայունություն սերմանելու համար։

Leave a comment